Այս մասին բարձրաձայնում են եվրոպացի փորձագետները
Երեկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի սրահում Եվրամիության ֆինանսավորմամբ տեղի ունեցած «Ստանդարտների ներդաշնակեցում եւ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» թեմայով սեմինարի ժամանակ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու, Եվրամիության ներկայացուցիչ Վիլյամ Ֆրենկ Հարիսը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի շուկան, որտեղ բավականաչափ խնդիրներ են հայտնաբերել: Պարոն Հարիսի գնահատմամբ՝ հայկական շուկայի հիմնական խնդիրը անվտանգությունն է:
«Մենք այստեղից որոշակի գնումներ ենք կատարել եւ փորձաքննության ենք ենթարկել այդ ապրանքները, ու պարզվել է, որ հիմնական խնդիրը անվտանգությունն է: Հայաստանի շուկայում գոյություն ունի ապրանքների ընդհանուր անվտանգության խնդիր»,- ասաց եվրոպացի փորձագետը: Խնդրեցինք կոնկրետ օրինակներով խոսել, ինչին ի պատասխան՝ Եվրամիության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց ծրագրով ոչ պարենային ապրանքներն են ուսումնասիրվել. որոշակի գնումներ են կատարել, ուղարկել են փորձաքննության, օրինակ՝ էլեկտրական սարքավորումները, որոնք պարզվել է՝ անվտանգ չեն, նույնիսկ թեյնիկները: Անվտանգ չեն եղել անգամ վերարկուները: Նշենք, որ խոսքը ներկրված ապրանքների մասին է: Ուսումնասիրել են նաեւ տեղի արտադրած խաղալիքները, որոնք համեմատաբար անվտանգ չեն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ է արդյունավետ Եվրամիության փողերը (ծրագրի արժեքն է մեկ միլիոն եվրո) ծախսել ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացման վրա, երբ Հայաստանի նախագահն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել Մաքսային միությանը անդամակցելու:
«Ես ինքս անձամբ չեմ կարող որեւէ խոսք ասել Եվրամիության անունից կամ Հայաստանի կառավարության անունից, համենայնդեպս՝ ծրագիրը շարունակվում է, եւ ես հիմքեր եմ տեսնում այս ծրագրի շարունակման համար: Եվ քանի դեռ ծրագիրը շարունակվելու է, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, այն է՝ արդիականացնել տեսչության աշխատանքները: Ե՛վ Հայաստանի բնակչությունը, ե՛ւ Հայաստանը օգուտ կքաղի այն ամենից, ինչը մենք ներկա դրությամբ անում ենք: Եվրոպական արժեքները ընդունելու համար ժամանակ է անհրաժեշտ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է եւ կարող է ընդունել եվրոպական արժեքները, եւ մասնավորապես՝ շուկայի պետական վերահսկողության տեսչությունը ի վիճակի է եվրոպական լավագույն փորձը ընդունելու եւ իրականացնելու»,- ասաց պարոն Հարիսը:
Լրագրողները պարզաբանումներ խնդրեցին նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Արարատ Սարգսյանից, որը սկզբում խորհուրդ էր տալիս ցանկացած տեղեկատվություն ստանալ իրենց կայքից: Լրագրողների այն հարցին, թե եվրոպացի փորձագետի դիտարկմամբ՝ թեյնիկներն ու կենցաղային ապրանքները անվտանգ չեն, պաշտոնյան պարզաբանեց. «Վերջին ամսվա ընթացքում իրենց աշխատակիցները վերցրել են ստուգման որոշակի ապրանքներ, որոնց պատասխանները մենք դեռեւս լիովին չենք ստացել: Էդ ապրանքները ուղարկել են ստուգման ինչպես մեր լաբորատորիաներ, այնպես էլ Անգլիայի, հիմա երեւի թե կամ թարգմանությունն է մի քիչ վատ եղել, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ ինքը ասի՝ շատ վատ վիճակում է մեր շուկան: Գոյություն ունեն ստանդարտներ, որոնք մի քիչ տարբեր են՝ մերը եւ եվրոպականը, կան տարբերություններ. մեր ստանդարտներով՝ այդ ապրանքը կարող է համարվել ոչ վտանգավոր, իրենց ստանդարտներով՝ համարվում է, մի խոսքով, ոչ էնքան անվտանգ»:
Թեյնիկ բառի թարգմանության սխալը ո՞րն է՝ զարմացած հարցրին լրագրողները: Հայ պաշտոնյան շարունակեց. «Ճիշտն ասած՝ ես առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ մասին»:
Նկատենք, որ բացի էլեկտրական իրերից, խաղալիքներից եւ շատ ու շատ ապրանքներից՝ անվտանգ չեն նաեւ Հայաստան ներկրվող կոսմետիկ միջոցները, որոնց նկատմամբ նույնպես որեւէ պետական ուշադրություն չկա:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ