Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Բադալյան եղբայրների բողոքը

Սեպտեմբեր 25,2013 14:49

Նրանց փաստաբանները շարունակում են պնդել, որ երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք:

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել խուլիգանության մեջ մեղադրվող սպիտակցի երեք եղբայրների փաստաբաններ Ռուբեն Հակոբյանի եւ Արտակ Ոսկանյանի բողոքը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2012թ. հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը, պարզաբանումներ ստանալու նպատակով, գործով չպարզված անձանց հետ գնացել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ, որտեղ գյուղի կենտրոնական մասում հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արմեն, Մացակ եւ Արթուր Բադալյանների հետ: Հանդիպումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի՝ տեւելով մոտ 20 րոպե: Բարձրացված աղմուկից հավաքված շուրջ 15-20 բնակիչների ներկայությամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք՝ նրանք աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Ավելին՝ Արթուր Բադալյանը որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Արմեն Մկրտչյանի ոտքերի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Արմեն Մկրտչյանն իր առողջությանը վնաս պատճառելու համար, սակայն, որեւէ մեկի նկատմամբ բողոք-պահանջ չի ներկայացրել:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, եղբայրներից Արթուր Բադալյանին մեղավոր էր ճանաչել վերագրվող արարքում եւ դատապարտել ազատազրկման 3 տարի 11 ամիս 9 օր ժամկետով, իսկ Մացակ եւ Արմեն Բադալյաններին մեղավոր ճանաչելով` դատապարտել էր տուգանքի` յուրաքանչյուրին` 200.000 դրամի չափով:

Նրանց փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, մերժել էր վերջիններիս բողոքը` անփոփոխ թողնելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Եղբայրների փաստաբանները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան, որն էլ օրերս վարույթ է ընդունել բողոքը:

«Բողոքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր` եւ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր կար, եւ մի շարք դատավարական խախտումներ, նյութական իրավունքի խախտումներ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա նկատում է, որ մեղադրանքում առաջադրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, երեք եղբայրների նկատմամբ ապացույցների բացակայության պայմաններում առաջադրվել է ապօրինի, կամայական մեղադրանք:

«Չկա գոնե մեկ ապացույց, որ տեղի է ունեցել խուլիգանություն: Բայց ապացույցների բացակայության պայմաններում մեղադրողը գալիս է դատարան եւ միջնորդում է մեղավոր ճանաչել եւ պատիժ պահանջել: Դատախազությունը արհամարհելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խուլիգանության հանցակազմին վերաբերող բոլոր նախադեպային որոշումները, քրեական իրավունքի տեսության բոլոր թեզիսները, եկել եւ պաշտպանում է մի մեղադրանք, որը բացարձակ կապ չունի խուլիգանության հետ, եթե անգամ խուլիգանության հանցակազմի ձեւակերպումները այդպիսին են, ապա այդ ձեւակերպումների տակ չունենք ապացույցներ՝ չկա խուլիգանության հանցակազմ, չկա որեւէ ապացույց»,- բացատրում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա նկատում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե գյուղի կենտրոնում, այլ՝ համայնք տանող ճանապարհի վրա, խոսք ու զրույց է եղել, որսորդական հրացանով կրակոց է եղել, հետադարձի արդյունքում տուժողը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ոտքերի շրջանում, որի վերաբերյալ բողոք չունի, ներկա է եղել ոչ թե 15-20 վկա, այլ՝ ընդամենը մեկը, ով հրաժարվել է նախաքննությանը տված իր ցուցմունքներից՝ բարձրաձայնելով պատկան մարմինների կողմից բռնությունների ենթարկվելու մասին:

«Կենցաղային հողի վրա ծագած թեթեւ վիճաբանություն է եղել, արագ հարթվել է, հայհոյանքներ չեն հնչել, ծեծկռտուք տեղի չի ունեցել»,- եզրափակում է փաստաբանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30