Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ ենք շփվում աշխարհի հետ»

Սեպտեմբեր 25,2013 14:40

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ Մեծ Բրիտանիայում հիացմունք «կորզած» ներկայացման եւ բեմանկարչության մասին

Վերջերս Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում կայացած «Աշխարհի բեմական ձեւավորում» երրորդ փառատոնին (մասնակցում էր մոտ հիսուն երկիր) ներկայացված էր Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը։ Ժամանակին «Առավոտը» անդրադարձել էր այս աշխատանքին, փաստելով, որ ներկայացումն առանձնանում է ոչ միայն բեմական լուծումներով ¥բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան, նկարիչ՝ Անժելա Գալստյան, լուսային ձեւավորումը՝ Արամ Աղաջանյանի), այլեւ դերասանական հաջողված խաղով ¥Նարինե Գրիգորյան եւ Սերգեյ Թովմասյան)։ Մեզ հետ հանդիպման ժամանակ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը «Աշխարհի բեմական ձեւավորում» փառատոնին ներկայացրել էր այս աշխատանքը, ասաց, որ ներկայացումը խաղացել են փառատոնի փակմանը, որին անմիջապես հետեւել է տեղի մասնագետների եւ մամուլի հիացական արձագանքը։

Հարցին՝ ինչո՞ւ վերջին շրջանում մասնագետների եւ նույնիսկ թատերասերների կողմից հնչում են, մեղմ ասած, ոչ հիացական խոսքեր՝ ուղղված այս կամ այն ներկայացման հենց բեմանկարչությանը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Բեմանկարչությունը, ինչպես նաեւ մշակութային տարբեր ոլորտներ, մշտապես զարգացման անհրաժեշտություն ունեն։ Բեմանկարչությունը չի կարող սահմանափակվել միայն բեմական ձեւավորմամբ, մեծ դեր է խաղում լույսը։ Խոսքը ոչ միայն ժամանակակից հզոր տեխնիկայի մասին է, այլ այն բանի, որ այդ տեխնիկայով պետք է կարողանալ «նկարել»։ Փոքր գաղտնիք ասեմ՝ նկարիչները, առավել եւս՝ բեմի, պետք է լավ ուսումնասիրեն բնության օրենքները։ Չէ՞ որ լուսային ձեւավորման լավագույն օրինակները տալիս է ինքը՝ բնությունը, ինչն էլ ծայրից ծայր գեղագիտություն է»։ Մեր զրուցակիցը փաստեց, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում վաղուց գործում է այդ բաժինը, իր խոսքերով՝ պրոֆեսիոնալ բեմանկարիչ, ամբիոնի վարիչ Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ, այդուհանդերձ կա մի բացթողում. «Քիչ ենք շփվում աշխարհի հետ։ Այդ պատճառով էլ հաղորդակցվող անոթների սկզբունքը, որ գործում է նաեւ արվեստում, մեզ մոտ հաճախակի «տրոմբ» է առաջացնում։ Ի վերջո՝ սովորել, չի նշանակում կրկնօրինակել, թեկուզ՝ սեփական պրոֆեսորին։ Ցավոք, հաճախ արվեստի տարբեր ոլորտներում շփվում ենք նման երեւույթի հետ։ Սա հատկապես նկատվում է երիտասարդների մոտ։ Ես հակված եմ դա կապել վախի հետ, բայց այստեղ պետք է հիշել, որ բոլոր ժամանակներում որեւէ հետաքրքիր երեւույթ առանց տապալման չի ուղեկցվել, ավելին՝ թերահավատորեն եմ լցված այն մարդկանց հանդեպ, որոնք ասում են, թե ստեղծագործական կյանքում տապալում չեն ունեցել։ Ես կասեմ, որ արվեստագետի լավագույն ուսուցիչը հենց տապալումն է՝ դրանից բխող դրական հետեւանքներով։ Օրինակ՝ հենց սեփական աշխատանքդ վերլուծելը, էլ ավելի խորանալը դրանում…»։

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայում կայացած փառատոնին, Ռուբեն Բաբայանն առանց մանրամասնելու հավաստիացրեց, որ ձեռք են բերվել կապեր եւ մեր երիտասարդ բեմանկարիչները հաջորդ տարի կրկին կմասնակցեն միջազգային այդ փառատոնին։ Հավելեց նաեւ, որ նման մակարդակի իրողությունները կառուցվում են խիստ ֆինանսական բուրգի սկզբունքով ¥նկատի ունի հովանավորների, աջակցողների առկայությունը)։

Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք վերջերս մամուլում հայտնված լուրի մասին, թե իբր Տիկնիկային թատրոնում երեկոյան ժամին միասեռականների հավաք է եղել։ «Ոսկե ծիրանի» շրջանակներում դահլիճը տրամադրել էինք փառատոնին, եւ հենց այդ ժամանակ, կարծեմ ցուցադրվել էր  միասեռականի մասին պատմող ֆիլմ։ Չի կարելի արվեստում ամեն ինչ հասարակացնել, ախր արվեստը չի ենթարկվում հասարակ օրենքներին, իսկ ո՞ւմ մասին է «Տրավիատան», կամ Դոստոեւսկին «Ոճիր եւ պատժում» մի՞թե քարոզում է կացնով սպանել պառավներին…»,- պարզաբանեց պարոն Բաբայանը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30