Օրերս ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Արա Դիլդիլյանի ծննդյան 106-ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին Դիլդիլյանի դուստրը՝ Ռեյչլ Դիլդիլյանը, պետական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից, ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարություններից: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի բացման խոսքով: Նա կարեւորեց թանգարանի գործունեության մեջ Դիլդիլյանի նվիրաբերած հավաքածուի դերը՝ նշելով, որ նրանում եղած միներալների եզակի նմուշները հարստացրել են թանգարանի հավաքածուն՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թանգարանի գործունեության նկատմամբ: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ռեյչլ Դիլդիլյանին՝ թանգարանին նոր ցուցանմուշներ նվիրաբերելու համար: Թանգարանի աշխատակիցները պատրաստել էին համառոտ ակնարկներ Դիլդիլյանների ընտանիքի պատմությունից եւ Արա Դիլդիլյանի կենսագրությունից: Ակնարկներին կից ցուցադրվեց նաեւ տեսանյութ՝ «Դիլդիլյանի հուշերը» վերնագրով, այն է՝ Ա. Դիլդիլյանի 1968թ. փետրվարի 17-ին տված հարցազրույցը՝ ցեղասպանության եւ իր կյանքի մասին: «Ծովակն» (Aquamarine) քարի մասին գեղեցիկ զեկուցմամբ հանդես եկավ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մի ուսանողուհի, ով թանգարանում պրակտիկա անցնելու ընթացքում ձեռք էր բերել կիրառական գիտելիքներ ոչ միայն երկրաբանությունից, այլեւ թանգարանային գործից: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվում էր թանգարանին կից գործող «Արտ Վոկալ» անսամբլի ելույթով: Միջոցառումը շարունակվեց Ա. Դիլդիլյանի անվան միներալների սրահում՝ «Միներալասերներ» ակումբի բացմամբ, որի հիմնադիրներից մեկն էր Դիլդիլյանի դուստրը: Միներալների սրահում ակումբի սաները ներկայացրին «Ինչ են պատմում քարերը» փոքրիկ բեմադրությունը: Միջոցառումը եզրափակեց «Միներալասերներ» ակումբի սանուհի Անի Գրիգոյանը՝ իր ջութակի անզուգական կատարմամբ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ