Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանն ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և մասնավորապես նշել. «Ողջունում եմ Գյուղատնտեսական դաշինքի անդամներին և վստահ եմ, որ այս համագործակցությունը նոր թափ կհաղորդի Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը, որը մեր տնտեսության համար առաջնային ուղղություններից մեկն է » ,- ասել է Սերգո Կարապետյանը:
«Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011թ-ին և ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունները, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով»,- նշել է Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնող կազմակերպության` Օքսֆամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Փոխըմբռնման հուշագրի ամրագրմամբ կողմերը համաձայն են պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրավորելու հետագա գործողությունները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրման առթիվ և հույս հայտնել, որ համատեղ ուժերով գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ աշխատանք կծավալեն:
* Տվյալ Հուշագիրը պարտադիր ուժ չունի և չի դնում որևէ իրավական պարտավորություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կամ Գյուղատնտեսական դաշինքի վրա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն