Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողների մրցանակը ԵՄ կառույցներ մեկնելն է

Սեպտեմբեր 25,2013 14:29

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն ԵՄ աջակցությամբ վերջերս իրականացրել է «ԵՄ արդարադատության դատարանի մոդելային դատավարություն» դատախաղ-մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 11 թիմ` տարբեր համալսարաններից: Մասնակիցներին առաջադրվել էր ԵՄ անդամ հանդիսացող պետություն Դիվլենդի Թագավորության եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքած Մերիջիայի Հանրապետության  2 քաղաքացիների միջեւ կոնֆլիկտ: Մրցույթն ընթացել է գրավոր եւ բանավոր փուլերով: Գրավոր փուլում թիմերը, հիմնվելով իրենց տրամադրված գործի փաստական հանգամանքների վրա, պետք է ներկայացնեին դիմումատու եւ պատասխանող կողմերը, բանավորի դեպքում՝  հիմնվելով իրենց դիմումի կամ պատասխանի վրա, հանդես գային դատարանի առաջ:

«Առավոտի» հետ զրույցում հաղթող՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) թիմի անդամ Երանուհի Յանդյանը  նշեց, որ իրենց թիմը լավ է հանդես եկել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր փուլին: Նա դատախաղը կարեւորեց պրակտիկ գիտելիքներ ստանալու առումով. «Մեր համալսարանում «ԵՄ իրավունք» առարկան շատ լավ ենք անցել, ֆրանսիացի հրաշալի դասախոս է դասավանդել, բայց ամեն դեպքում, տեսականը դրած մի կողմ, երբ դատախաղին ես մասնակցում, այդ գիտելիքները  դառնում են ավելի նյութական եւ կիրառելի»: Երանուհին տեղեկացրեց, որ եզրափակիչ փուլում մրցել են Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) թիմի հետ, եւ երկու թիմերն էլ այնքան պատրաստված են եղել, որ դատավորները դժվար ընտրության առաջ են կանգնել:  Արդյունքում, կազմակերպիչները որոշել են երկու թիմերին էլ նույն մրցանակը հանձնել: Իսկ մրցանակը ճանապարհորդություն է ԵՄ կառույցներ:

ՀՖՀ թիմից Տաթեւ Հարությունյանն էլ պատմեց, որ առաջին փուլում թիմերը բաժանվել են զույգերի եւ մրցել միմյանց դեմ: Բաժանումը տեղի է ունեցել վիճակահանությամբ, որի արդյունքում ՀՖՀ-ի թիմը պետք է մրցեր ԳԱԱ-ի թիմի հետ, իսկ ՀԱՀ-ինը՝ ԵՊՀ-ի թիմի հետ:  Այս փուլում, պահպանելով զույգերը, թիմերը միմյանց դեմ խաղում էին 2 խաղ` փոխելով իրենց դատավարական կողմը: Դուրս էր մնում ամենացածր միավորներ հավաքած թիմը: Կիսաեզրափակիչ են անցել ՀՖՀ-ի, ՀԱՀ-ի եւ ԵՊՀ-ի թիմերը:

Կիսաեզրափակչում արդեն յուրաքանչյուր թիմ խաղում էր մյուս 2 մրցակցի դեմ, իսկ դատավարական կարգավիճակը եւ հերթականությունը դարձյալ որոշվում էին վիճակահանությամբ: Նրա ձեւակերպմամբ, եզրափակչին թիմերն առավել քան լուրջ էին տրամադրված: Ի դեպ, դատավորները առանձնահատուկ ընդգծել են ՀՖՀ-ի թիմի ոգեւորությունը, փաստաբանական ձիրքը եւ այն նվիրումը, որով ներկայացնում էին իրենց  «վստահորդին»: Նրանք նաեւ բարձր են գնահատել թիմի ԵՄ իրավունքի ոլորտի տեսական գիտելիքները, ԵՄ իրավունքը մեկնաբանելու թիմի կարողությունը եւ առաջադրված հարցերին ճիշտ եւ տրամաբանված պատասխանելու ունակությունը:

ՀՖՀ թիմի երրորդ անդամի` Մարիամ Մարտիրոսյանի խոսքով. «Դատախաղում  այդքան  մրցանակը չէր կարեւոր մեզ համար, որքան փորձը, ձեռք բերված գիտելիքները եւ նոր ընկերները ԵՊՀ-ից ու ՀԱՀ-ից: Դա անգնահատելի է, վերջում մենք միմյանց ընկերներ էինք ակնկալում եւ ոչ թե մրցակիցներ: Ուրախացանք, որ  կազմակերպիչները որոշել են մրցանակը հանձնել մեզ եւ Ամերիկյանի թիմին միաժամանակ: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, երկու թիմն էլ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը կլինի Լյուքսեմբուրգում, Ստրասբուրգում, Բրյուսելում գործող ԵՄ կառույցներում»:

Աղջիկները հատուկ շեշտեցին իրենց մարզիչի՝ ՀՖՀ իրավաբանական ֆակուլտետի  դեկան Նորա Սարգսյանի ներդրումը՝ դատախաղում հաղթանակ տանելու առումով: Նաեւ ասացին, որ իրենց թիմի 4-րդ անդամը Շահանե Հակոբյանն է, որը աշխատանքային զբաղվածության պատճառով հնարավորություն չունեցավ մասնակցել հարցազրույցին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30