Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնությունների պակաս կա

Սեպտեմբեր 25,2013 14:15

Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով` առաջադեմ տեխնոլոգիաներ: Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ եւ գազ, ինչպես նաեւ ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» եւ այլն: Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն: Միայն թե պարզ չէ՝ արդյոք մեծապետական գաղափարները կարո՞ղ են փոխարինել իրական առաջընթացին. ինչպես ասում էր Օ’Հենրիի հերոսներից մեկը՝ ավազը չի կարող հաջողությամբ փոխարինել վարսակին:

Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետեւ «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք: Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենք պետք է հրաժեշտ տանք անկախությանը: Կյանքը շարունակվում է: Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն  (ոչ թե քաղաքական հաշվարկներից ելնելով կամ հանուն ինչ-որ գրանտների)  մտածում են, որ մեր փոքր, բնական ռեսուրսներով աղքատ երկիրը կարող է երբեւէ մրցունակ դառնալ համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, մշակութային շուկայում, ապա նրանք պետք է ոչ թե հակադրվեն Ռուսաստանին եւ հաճոյանան եվրոպացիներին, այլ նախեւառաջ բացատրեն դա մեր քաղաքացիներին՝ այն մարդկանց, որոնք վերջնական որոշում են ընդունել երբեք, ոչ մի պարագայում չլքել Հայաստանը:

Իհարկե, ոչ ոք լուրջ սոցիոլոգիական  հարցում չի անցկացրել, բայց զուտ աչքաչափով ինձ թվում է, որ հայաստանցիներից շատերը մեր երկրի հետ ամբիցիոզ ծրագրեր չեն կապում, եւ դա է պատճառներից մեկը, թե ինչու Մաքսային միությանը միանալու իշխանական մտադրությունը ոչ մի դիմադրության չի հանդիպում: «Մենք խեղճ ենք, անկարգ ենք, բազմաչարչար ենք, մի կերպ յոլա տանենք, այսպես էլ մնա լավ է»՝ այսպիսի հոգեբանությունը, իհարկե, ուղիղ ճանապարհով տանում է դեպի Եվրասիական միություն:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ոչ մի Եվրասիական միություն չի էլ լինի: Իհարկե, Աստված պահի մեր բարեկամ Ռուսաստանը, բայց վախենամ, որ այդ երկիրն ընկել է հերթական տեղապտույտի մեջ՝ պահպանողականություն, մեսիականություն, լճացում, քայքայում, բարեփոխման փորձեր, այնուհետեւ՝ կրկին պահպանողականություն եւ այլն: Այդ ցիկլերի մեջ մենք՝ հայերս, սովորաբար տուժել ենք, բայց 1990-ականներին շահեցինք՝ նաեւ տեղական ղեկավարների լուրջ թիմ ունենալու շնորհիվ: Բայց վտանգը միշտ կա: Խնդիրն այն է, որ պետք է զգալ, թե երբ է սկսվելու հերթական քայքայումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Շնորհավորում եմ, սա երևի ազատ օդի մաքսիմումն է, որ կարելի է ունենալ ՀՀ-ում, և դուք դա ունեք։
    Մի փոքր լրացում, եթե թույլ կտրվի՝ պետք չեն կոչեր, պայմանագրերը հարգեք։

  2. Արա Սանճեան says:

    Այսպէս կոչուած ռազմական (ներառեալ անջրպետի հետազօտութեան) ու քաղաքացիական տեխնոլոգիաներու զարգացման մէջ մէկ նրբութիւն կայ արեւմուտքի (յատկապէս` ԱՄՆ-ի) ու Ռուսաստանի միջեւ։ ԱՄՆ-ի մէջ եւս տեխնոլոգիական շատ նորարութիւններ սկիզբ առած են ռազմարդիւնաբերական համալիրէն ներս (օրինակ` ինթերնեթը), բայց ընդամէնը քանի մը տարի ետք անցած են քաղաքացիական ոլորտ ու առիթ հանդիսացած սպառողական նոր ապրանքներու հանդէս գալուն։ Խորհրդային համակարգին մէջ այդ անցումը շատ դանդաղ ու անբաւարար էր։ Ատոր համար ալ արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, սպառողական ապրանքներու որակին տարբերութիւնը միշտ աւելի մեծ մնաց քան տեսական գիտութիւններու ու ռազմական տեխնոլոգիայի որակի տարբերութիւնը։ Ես այս հարցի նեղ մասնագէտը չեմ, բայց կ՛ենթադրեմ որ արեւմտեան սովետոլոգներ անդրադարձած ըլլան այս խնդրին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30