Լրահոս
Օրվա լրահոսը

ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրենի «հաճոյախոսությունը» ՀՀ նախագահին

Սեպտեմբեր 25,2013 14:08

ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը ՀՀ նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, համարում է նշանակալի:

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, որի թեման էր՝ «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը», Լեպեխինն ասաց, որ իր կարծիքով այս որոշման գլխավոր համատեքստը, որը անտեսվեց լրատվամիջոցների կողմից, Սիրիայում ընթացող զարգացումներն են, քանի որ Պուտին-Սարգսյան հանդիպումը կայացավ արդեն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարեց Սիրիային հարվածելու անհրաժեշտության մասին: Այս համատեքստում, մեջբերելով վերլուծաբանների կանխատեսումները, որ Սիրիայից հետո հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը, Կենտրոնական Ասիան կամ Կովկասը, բանախոսը կենտրոնացավ հենց այն վերլուծությունների վրա, համաձայն որոնց հաջորդ հավանական թիրախը կլինի Կովկասը: Այս պարագայում, ըստ Վլադիմիր Լեպեխինի, Հայաստանի տնտեսական դանդաղ զարգացումը կարող է դառնալ Կովկասում «բռնկման» պատճառ՝ հատկապես Ադրբեջանի զարգացման տեմպերի համեմատությամբ:

«Հայաստանը մոտ ապագայում՝ 2-3 տարում պետք է լրջագույն տնտեսական աճերի հասնի՝ 5-7 տոկոսի»,- գտնում է բանախոսը՝ դրա հնարավորությունը տեսնելով ՌԴ-ի աջակցության մեջ. «Եթե Հայաստանը ակտիվ դերակատարում ստանձնի, խթանի ՌԴ-ի ներդրումային քաղաքականությանը, շանսեր կան, ես ձեզ հավաստիացնում եմ»:

Խոսելով Մաքսային միությանն անդամակցության հակափաստարկի՝ ընդհանուր սահմանի բացակայության մասին , Վլադիմիր Լեպեխինը կարծիք հայտնեց, որ դա նույնիսկ դրական դերակատարում կարող է ունենալ, քանի որ այդ պարագայում Հայաստանը հատուկ պայմաններ կարող է ստանալ՝ Մաքսային միության մյուս անդամների համեմատությամբ առավել պակաս պարտավորություններ ստանձնելով: Նա, մասնավորաբար, վկայակոչեց առանց վիզային ռեժիմի հարաբերությունները՝ դա բավականին էական հանգամանք համարելով:

Ի դեպ, ընդհանուր սահմանի բացակայության մասին ավելի ուշ խոսեց նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին՝ հայ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան  բերելով ԵՄ-Մալթա օրինակը: Երբ դահլիճից նկատեցին, որ այդ տարբերակում ծովի առկայությունն է մեծ դերակատարում ունենում, Սպասկին բերեց Կալինինգրադի մարզի օրինակը, ինչի շուրջ, հիշեցնենք, Հայաստանում բուռն քննարկումներ ծավալվեցին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը լրացնելով հարցի պատասխանն, ասաց, որ Վրաստանով ճանապարհ ունենք դեպի ՌԴ եւ այդ իմաստով խնդիր չի եղել ու չի էլ լինի: Նա նկատեց, որ Վրաստանը նույնպես շահագրգիռ է այս համագործակցությունների մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30