Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննող հանձնաժողովի աշխատանքները ոչ իրավաչափ են

Սեպտեմբեր 25,2013 14:07

«Պետք է լինի ոչ թե հանձնաժողով, այլ կազմակերպվեն այս թեմայով լսումներ: Հանձնաժողովի աշխատանքները իրավաչափ չեն լինելու»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննող հանձնաժողովի անդամ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա չցանկացավ բացել բոլոր խաղաքարտերը, որ քաղաքապետարանը չօգտվի, հետո հայտնեց, որ իրենք դեմ են հարցը հանձնաժողովում քննարկելուն. «Մենք ութն ենք նրանք՝ քսանութ: Եթե ՀԿ-ներ կան, որ այժմ չեն ուզում պայքարել սպառողների շահերի պաշտպանության համար, ապա նրանք միանշանակ հրավիրվել են քաղաքապետարանի կողմից, նրա ջրաղացին ջուր լցնելու համար: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե մենք մեր թղթե շերեփով մտնում ենք հարիսա պատրաստելու, ապա ասեմ, որ մեր թղթե շերեփներով գոնե նրանց երկաթից հարիսան կփչացնենք: Արդյունքում հանձնաժողովը որոշում չի կայացնի, և դա կնշանակի, որ թեման կտեղափոխվի այլ դաշտ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հարցը պետք է քննարկվի հանրային լսումների միջոցով, այնինչ քաղաքապետարանը դա չարեց, Բաբկեն Պիպոյանն ասաց. «Դա փորձում են հանձնաժողովով սվաղել: Համաձայն կարգի՝ Երևանի քաղաքապետարանն ինքը պիտի հայտարարեր այն վայրը, որտեղ պետք է կազմակերպվեին այս թեմայով լսումներ, հետո քննարկման համար 10 օրվա ընթացքում քաղաքացիները հայտ ներկայացնեին: Բայց քաղաքապետարանը դա չարեց, դա արեցին կազմակերպությունները: Իրականում խախտվում է օրենքը, կառավարության որոշումը»:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նույն խնդրի մասին այսպիսի կարծիք հայտնեց. «Հանձնաժողովի իրավական հիմքերը բավարար չեն: Այս ձեւաչափով քվեարկությամբ որոշում կայացնելն անընդունելի եմ համարում, քանի որ կոնտինգենտ հավաքողն էլ թելադրում է իրավիճակը: Երկու ամիս ծախսել 36 հոգի հավաքելու համար, արդյունավետ չեմ համարում, այն դեպքում, երբ մեր տրանսպորտը գտնվում է հոգեվարքի մոտեցող իրավիճակում: Մեզ այս տեմպը չի բավարարում, սա նշանակում է չաշխատել, թողնել ինքնահոսի»:

Ավագանու աշխատանքը ևս չի գոհացնում Արմեն Պողոսյանին. «Ավագանին իրեն չի արդարացրել, մենք հայտնում ենք մեր անվստահությունը և բոլորին՝ բացի միջազգային գրոսմայստերից, ուղարկում ենք տուն»:

Նշենք, որ հանձնաժողովի առաջին նիստը կկազմակերպվի սեպտեմբերի 27-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. drizzlebrain says:

    Ձեր ասած “քաղաքակիրթ” և “զարգացած” երկրներում գործում է նաև հասարակական տրանսպորտի ամսեկան/շաբաթական/մեկօրյա/ մշտական տոմսերի վաճառքի և կիրառման համակարգը, ապահովելով անսահմանափակ երթևեկության իրավունք համապատասխան ժամանակահատվածի համար: Ինչպես նաև, գործում է մեկ օրենք, ըստ որի, ուղևորը իր նախատեսած վայր հասնելու համար պետք է ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԻ, և ազատ փոխի երթուղիները, մինչև տեղ կհասնի: Առաջին փոխադրամիջոցից օգտվելիս վճարում է, և ստանում տոմսակ, որը վավեր է երկու ժամ, և որի վրա տպված է վճարման պահը և մինչև երբ է այն ուժի մեջ… Հետագա բոլոր երթուղիներից օգտվելուց, ուղևորը պարզապես ցույց է տալիս վավեր տոմսակը և այլևս ոչ մի վճարում չի կատարում: Ավելացնեմ նաև, որ ամսական մշտական տոմսի գինը չի անցնում 80-100 դոլարի սահմանը, իսկ ուսանողները, գործազուրկները, տարեցները/թոշակառուները ստանում եմ կամ անվճար, կամ սուբսիդավորված մշտականներ: 100 դոլարը չանցնող ամսական մշտականից օգտվող անձանց նվազագույն աշխատավարձը կազմում է մոտ $15 դոլար/մեկ ժամը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30