Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազախստանի նման ենք». Փառատոնի տնօրենը՝ խաղացանկային թատրոնի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 14:03

Այս տարի 11-րդ անգամ կանցկացվի «ՀայՖեստ» միջազգային փառատոնը: Այն կկայանա հոկտեմբերի 1-12-ը՝ «Բարձրագույն քիմիա» տարբերանշանով, որն ունի Մենդելեեւի աղյուսակի տեսքը: Հայֆեստյան աղյուսակում իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքը եւ բոլոր այն տարրերը, առանց որոնց, կազմակերպիչների համոզմամբ, անհնար է պատկերացնել փառատոնը:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսում հայտնեց, որ «ՀայՖեստին» հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Նշանավոր ներկայացումներից են Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդան»` ըստ Շեքսպիրի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիոն նախագիծը, Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերայի դրամատիկական թատրոնի ներկայացումը (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (Ռուսաստան), Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասսե այգիները» (Իտալիա):

Փառատոնին կմասնակցեն նաեւ թատրոնները: «Հայֆեստը» կբացվի բրիտանական «1927» թատրոնի «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» ինքնատիպ ներկայացմամբ` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ի դեպ, այս ներկայացումը 2011թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին լավագույնների շարքում էր:

«11-րդ «ՀայՖեստն» է մեզ մոտ, բայց մեզ համար նոր սկիզբ է, նոր կոնցեպտ… Միայն բացման օրը մուտքը կլինի հրավիրատոմսերով, մնացած օրերին մուտքը կլինի ազատ»,-ասաց պարոն Ղուկասյանը:

Խոսելով Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդայի» մասին, փառատոնի նախագահն ասաց, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում Օսկարաս Կարշունովասը, որ միշտ Վրաստան էր գնում, համաձայնել է հանդես գալ Հայաստանում:

Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացման մասին էլ հավելեց, որ այն վավերագրական սթենդափ է Ուզբեկստանի քաղաքացու մասին, որը ցանկանում է դառնալ ՌԴ քաղաքացի:

Արթուր Ղուկասյանը հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը անցյալ տարվա 33 մլն դրամի փոխարեն, այս տարի աջակցում է 32 մլն-ով, 500000 դրամ էլ քաղաքապետարանն է տրամադրել: Արթուր Ղուկասյանի անձնական կարծիքով՝ լավագույն ներկայացումը «Միրանդան» է: «Չնայած դուք եք որոշում, այսինքն՝ հանդիսատեսը, որն է լավագույնը»,-հավելեց նա:

Արթուր Ղուկասյանի կարծիքով՝ փառատոնի եւ ցանկացած միջոցառման իմաստը ակտիվացնելն է մարդկանց՝ մշակութային իմաստով: «Դրանից հետո մարդը դժվար խնչի եւ թքի, փառատոներից եւ մշակութային միջոցառումներից հետո մարդը փոխվում է, դառնում ինտելիգենտ»,- ասաց փառատոնի տնօրենը:

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, իր գնահատմամբ, ինչպե՞ս է զարգանում թատերական կյանքը Հայաստանում, Արթուր Ղուկասյանը պատասխանեց. «Դանդաղ…Թատրոնը մեծ կախում ունի հասարակությունից, թատրոնը շատ ծախսատար է: Օրինակ, կարող ենք ասել, ինչո՞ւ ԱՄՆ-ում էլ թատրոնը վատն է…որովհետեւ շուկան է թելադրում, թե ոնց պետք է զարգանա արվեստը, ուստի իրենց մոտ մյուզիքլներն են զարգանում, ճյուղ, որը փող է բերում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ռեժիսորները պետք է նոր գործեր տեսնեն, հնարավորություն ունենան բեմադրելու: Մենք տեսնում ենք ակտիվությունը երիտասարդ ռեժիսորների: Իսկ ինչ տեսնում ենք խաղացանկային թատրոնում, դա նույն բանն է, ինչ քառասուն տարի առաջ: Եվ ոչ միայն Հայաստանում է այդ վիճակը, այլեւ Ղազախստանում, Ռումինիայում, Մոլդովայում: Ռուսաստանում էլ է նույնը, ուղղակի այնտեղ եւ տաղանդավոր մարդիկ են շատ, եւ ռեսուրսները: Իսկ մեզ մոտ լավ ներկայացում բեմադրվում է տարեկան երկու-երեք հատ: Նաեւ դրամատուրգիայի հարց ունենք, որը մեծ խնդիր է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30