Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման եվրասիական բանկի տնօրենը Աբխազական երկաթուղու վերագործարկման «լայն պատուհան» է տեսնում

Սեպտեմբեր 25,2013 13:51

Երեւանում 1200 մարդու շրջանում իրականացված հարցումների արդյունքում 65 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Միայն հինգ տոկոսն է կատեգորիկ դեմ եղել: Այսօր իրենց անցկացրած եւ արդեն երեկ հրապարակած հարցման արդյունքները բարձրաձայնեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը՝

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Տեսակամուրջի թեման էր՝ «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը»:

Եվգենի Վինոկուրովը այս արդյունքը բավականին լուրջ եւ հիմնավոր է համարում՝ քաղաքական որոշումների կայացման համար: Ներկա հայ լրագրողներն, իհարկե, բանախոսին հակադարձեցին՝ նկատելով, որ դա բնավ էլ չի նշանակում, որ Մաքսային միությանը կողմ 65 տոկոսը դեմ է Եվրոպական միությանը:

Այնուհանդերձ, ըստ բանախոսի, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկու տարվա ընթացքում Մաքսային միությունը Հայաստանին լուրջ առավելություններ կտա, մասնավորաբար, գազի եւ այլ էներգակիրների գնի էժանացում: Միայն գազի գնի նվազեցումը, ըստ ներկայացված հաշվարկի, Հայաստանին տարեկան 140 միլիարդի տնտեսման հնարավորություն կտա:

Բանախոսը բավական էական է համարում աշխատանքային միգրանտների հարցը՝ նկատելով, որ արտագնա աշխատանքից անցյալ տարի Հայաստան ներմուծված մեկ միլիարդ 700 հազար դոլարի առյուծի բաժինն ընկնում է ՌԴ-ից ներմուծված գումարներին՝ մեկ միլիարդ 40 միլիոն. ընդհանուր գումարի 85 տոկոսը:

Եվգենի Վինոկուրովը նկատեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պարագայում բավականին արտոնություններ կտրվեն աշխատանքային միգրանտներին: Առաջին հերթին պարտադիր լիցենզավորման խնդիրը կվերանա:

Նա խոսեց Հյուսիս-Հարավ ծրագրից, որին ՌԴ-ն  մասնակցում է եւ կարեւորում: «Ռուսաստանը հետաքրքրված է, որ Հայաստանի միջոցով ստանա լավ տրանզիտային ճանապարհ՝ դեպի Մերձավոր Արեւելք եւ Ասիա»,- ասաց Եվգենի Վինոկուրովը՝ առավել հեռանկարային համագործակցության պլանում խոսելով նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորության մասին: Ինչն, ի դեպ, բանախոսը միանգամայն իրականանալի է համարում՝ հենվելով իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքների վրա, համաձայն որի, վրացիների 59 տոկոսը կողմ է ռուս-վրացական հարաբերությունների բարելավմանը եւ բարյացակամորեն է վերաբերվում Մաքսային միությանը: Ըստ բանախոսի, դա հնարավորությունների լայն պատուհան է բացում, ինչից հայկական կողմը պետք է օգտվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30