Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանը:
Նախնական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին, երրորդ անձ են ճանաչվել Aravot.am , Panorama.am», Hayeli.am, Aysor.am»էլեկտրոնային կայքերը: Պատասխանողը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ու նրա անվան գրասենյակը:
Հայցվորը վիճարկում է լրատվամիջոցներում տպագրված Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը, դրանում արված մի շարք արտահայտությունները: Մասնավորապես, նշվում են. «Յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է՝ զրպարտությամբ եւ հերյուրանքներով , իրավիճակը միտումնավոր շիկացնելով եւ դատարանի դահլիճում բախումներ հրահրելով, շեղել դատական պրոցեսի ընթացքը», «Այդ մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ հանցագործ», «Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում, նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով»:
Մենք տեղեկացրել ենք նաեւ, որ հայցվորը պահանջում էր Վարդան Ղուկասյանից եւ նրա գրասենյակից հրապարակային ներողություն խնդրել , ներողության տեքստն էլ տպագրել երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցներում:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել Վարդան Ղուկասյանի պատասխանը՝ Հարություն Սարգսյանի հայցադիմումի դեմ:
Այն ուղարկվել է այսօր նաեւ մեր լրատվամիջոցին:
Վարդան Ղուկասյանն առարկում է հայցի դեմ, գտնում է, որ այն անհիմն է, չի բխում օրենքից:
Ըստ պատասխանողի. «Տվյալ դեպքում հայտարարություններն արվել են ելնելով դատական վարույթում գտնվող քրեական գործից, որին ես մասնակցել եմ եւ հարցաքննվել իբրեւ վկա: Բացի այդ, արված հայտարարությունները բխում են մի շարք երեւույթներից, որում հայցվոր կողմը եւ նրա մայրը փորձել են վարկաբեկել իմ որդուն, մեղադրելով նրան սպանության մեջ, որում այժմ մեղադրվում է հայցվորը»:
Ըստ նրա, հրապարակումները զրպարտություն չեն:
Բացի դա, պատասխանողը կարծում է, թե հայցվորը բաց է թողել հայց ներկայացնելու օրենքով սահմանված մեկ ամիս ժամանակը:
Վիճարկվող արտահայտությունները եղել են 2013թ .հուլիսի 10-ին դատարանում, մինչդեռ ըստ պատասխանողի, հայցվորը դատարան է դիմել օգոստոսի 26-ին:
Ի դեպ, ըստ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի. «Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան՝ վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ