«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը գտել է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարության պատճառը:
«Մեր պետության մեջ իշխանությունները եւ քաղաքական էլիտան զբաղված էին բացառապես մի խնդրով՝ ոնց անել, որ վերարտադրվեն: Կանգնած էինք կամ- կամի առջեւ: Կամ- կամը մեր առջեւ դրեց թե՛ Եվրամիությունը՝ Ասոցացման համաձայնագրի տեսքով, թե՛ Ռուսաստանը անվտանգության ու մյուս խնդիրների տեսքով: Ինչո՞ւ հանգեցինք այս վիճակին, որովհետեւ մեր քաղաքական վերնախավը չունեցավ ազգային ծրագիր, չդրեց այն խնդիրը, որ պետք է լուծի, բացի իր վերարտադրման խնդրից: Դրա համար մսխեցինք ամբողջ պետական, ազգային կապիտալը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը:
Նրա կարծիքով, եթե սեպտեմբերի երեքի որոշումը չլիներ, Հայաստանը չէր խուսափելու նոյեմբերին Վիլնյուսում որոշում կատարելուց. «Կարող էինք խուսափել երկուսից էլ, բայց այսօր փաստը կայացել է, հիմա հետին թվով մեղադրանքներ ներկայացնել տեղին չէ: Եթե ընտրության հարց էր, ապա սա լավագույն ընտրությունն է, գոնե այս ընտրությունն ինչ-որ առումով ապահովում է որոշակի խնդիրների լուծում, ինչը Ասոցացման պայմանագիրը չէր լուծելու»:
Պարոն Իսագուլյանի խոսքերով, Հայաստանում երբեք չի եղել դիմակայություն արեւմտամետների եւ ռուսամետների միջեւ, բայց. «Այժմ սկսվել է հակառուսական տրամադրություններ, հասարակության մեջ առաջացել է երկփեղկվածություն, մարդիկ էլ չեն ուզում միմյանց հանդուրժել»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, ՀՀ քաղաքական վերնախավը, կոալիցիան ընդունակ չէ որեւէ կարեւոր հարց քննարկել եւ լուծումներ առաջարկել. «Մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե տեսակետների բախում է եղել սեպտեմբերի 3-ի հայտարարությունից առաջ եւ լուրջ քննարկում է եղել: Բացառապես մեկ մեխանիզմ է գործում՝ վերեւից ասվեց որեւէ միտք, մնացած բոլորը մեխանիկորեն կրկնում են, վաղը լրիվ հակադիր միտք ասվի վերեւից, նորից մյուսները կրկնելու են: Չկա իշխանության մեջ այն մարդը, որը ունակ է բարձրաձայնել, որ ինքը որեւէ տեսակետի հետ համաձայն չէ ու այդ հարցով անհրաժեշտ է կարեւոր քննարկում: ԱԱխ-ը նույնպես այդ համակարգը չէ, ուրեմն պետք է ձեւավորել մի մարմին, որը ունակ է այդ հարցը առաջ քաշելու: Այդ մարմինը կարող է լինել նախագահների խորհուրդը»:
Պարոն Իսագուլյանն առաջիկա օրերին պատրաստվում է նախագահների խորհուրդ ստեղծելու եւ նրանց համատեղ «կլոր սեղանի» շուրջ համախմբելու առաջարկով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Դիմելու Սերժ Սարգսյանին խնդրանքով, որ նա ինքը նախաձեռնի առաջին, երկրորդ, երրորդ նախագահների համատեղ հանդիպումը: Սա միակ ձևաչափն է, որտեղ հնարավոր կլինի քննարկել Հայաստանի ներկա իրավիճակը եւ առաջարկել հետագա լուծումներ»:
Պարոն Իսագուլյանն առաջարկում է նաեւ ՀՀ նախագահների հանդիպման հրավիրել նաեւ ԼՂՀ նախագահներին. «Որեւէ ֆորմատով առնվազն երեք տարի ՀՀ նախագահների միջեւ շփում չի եղել: Ինչքան էլ տարաձայնություններ կան նրանց միջեւ, հանդիպումն անխուսափելի է: Մենք վերածվել ենք կենացների պետության, նույն թամադան տարբեր ժամանակներում նույն հաղթանակները վերագրել է առաջին դեպքում առաջին նախագահին, երկրորդ դեպքում՝ երկրորդ նախագահին, երրորդ դեպքում՝ երրորդ նախագահին: Չնայած բոլորը գոնե մի անգամ այդ սեղանին նստել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ