Եթե դուք վարորդ եք եւ, ասենք, երկու հոծ գիծ անցնելով հետադարձ եք արել ճանապարհի այն հատվածում, որտեղ հետադարձն ընդհանրապես արգելված է, եւ հանկարծ հայտնվում է ավտոտեսուչը ու հայտարարում, որ դուք շատ կոպիտ խախտում եք կատարել, սակայն չունի տեսագրություն, ապա դուք իրավունք ունեք ոչ միայն կասկածի տակ դնել ձեր խախտում անելու փաստը, այլեւ՝«չորով» ժխտել՝ «սուխոյ ատկազ»: Բայց մի մոռացեք այդ դեպքում արձանագրության տակ գրել եւ ստորագրել՝ «Խախտում չեմ կատարել: Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը: Գործի նյութին կցել տեսուչի տեսագրած խախտումը»: Ու այս արձանագրությունը ձեռքներիդ գնացեք դատարան՝ ապացուցելու, որ ոչ մի խախտում էլ չեք արել: Բայց հիշեք. եթե այս բացատրությունը չեղավ արձանագրության մեջ՝ դատարանում վարորդի «պլստալու» հավանականությունը շատ փոքր է, իսկ եթե եղավ, ապա՝ անկախ խախտման որակից, վարորդը մեծ շանսեր ունի դատական գործընթացում հաղթելու, որովհետեւ ոստիկանը չուներ տեսագրությունը՝ սարքն էր փչացել կամ միացված չէր:
Այս եւ այս կարգի այլ խորհուրդներ իր տեղեկատու թերթիկում ընդգրկել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը, որի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ներկայացրեց այդ տեղեկատվական թերթիկը:
Պարոն Հովհաննիսյանը պնդում է, որ «տեսուչը պարտավոր է տեսախցիկը միացնել առավոտյան ծառայությունը սկսելուց առաջ եւ անջատել ամենավերջին պահին», եւ չի կարող ասել՝ սարքը մոռացել եմ միացնել, չի աշխատում եւ այլն: Դե իսկ եթե չի տեսագրել, ապա՝ մեղքն իր վիզը:
Այս թռուցիկ-խորհրդատվական թերթիկները վարորդներին նոր են սկսել բաժանել՝ բաժանվում են հիմնականում գազալցակայաններում եւ բենզալցակայաններում: Վարորդները, վերցնելով այդ թերթիկները ոչ միայն ոստիկանների հետ շփումների խորհուրդներ կստանան, այլեւ կիմանան Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի եւ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի եւ նրա տեղակալի հեռախոսահամարները, համապատասխանաբար՝ 52 27 63, 58 59 94 եւ 522824:
Կարդացեք նաև
Ի դեպ, ոստիկաններն առայժմ չեն կարող տուգանել նաեւ մգեցված ապակիների համար, քանի որ դեռեւս հանրապետություն չեն ներկրվել մգեցվածության տոկոսային հարաբերությունը ստուգող սարքերը: Այնպես որ, եթե նույնիսկ կատարյալ սեւ են ձեր ապակիները, եւ ոչ ոստիկանը ու ոչ էլ հետիոտնը չի կարող տեսնել՝ ղեկին մարդ է նստած, թե, ասենք, օրանգուտան՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով, միեւնույն է, առայժմ չեն կարող ձեզ տուգանել օրենքով այդ խախտման համար նախատեսված 50 հազար դրամով: Հենց որ սարքերը կներմուծվեն եւ այդ սարքերով ոստիկանը կկարողանա գրանցել մգեցվածության աստիճանը, այդ ժամանակ էլ իրավունք կունենան պահանջել փոխել մեքենաների ապակիները:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ