«Թմրադեղեր, զենք, մարմնավաճառություն չենք ֆինանսավորում»,-այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովում ասաց Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր /ՓՁԱՖ/ Կովկասի աճի ֆոնդի գլխավոր ղեկավար Էսբեն Էնբորգը:
Համաժողովը նախաձեռնել էին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության «Ի-Դի-Էմ-Սի» Ծրագիրը եւ Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը՝ քննարկելու Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունները եւ խնդիրները:
ՓՁԱՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սամվել Սահակյանը ներկայացնելով, թե ինչու են փակ բաժնեմասնակցային ներդրումները կարեւոր Հայաստանի տնտեսության համար, վկայեց, որ մեր երկրում փոքր եւ միջին ձեռնարկություններն ունեն զարգացման եւ աճի լուրջ խոչընդոտներ՝ պայմանավորված ՓՄՁ-ի համար զարգացման ծրագրերի սահմանափակությամբ:
ՓՄՁ-ի հիմնական ֆինանսավորողը բանկերն են, սակայն պարոն Սահակյանի խոսքերով, շատ հաճախ գրավի բացակայությունը ռիսկ է առաջացնում բանկերի համար, բացի այդ ՓՄՁ-ն ունի օպերատիվ մենեջմենթի խնդիր: Ըստ Սամվել Սահակյանի, հենց այդ խնդիրների պատճառով էլ, Հայաստանում առաջանում է ճեղքվածք,եւ շատ երկրներում դրանք լրացվում են ՓՄՁ աջակցման ֆոնդերի կողմից:
Կարդացեք նաև
Համաժողովի ընթացքում ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի եւ «Էկոսպան» ընկերության միջեւ կնքվեց հուշագիր, որով «Էկոսպան» փայտատաշեղային սալիկների գործարանում ներդրումներ կարվեն: Էսբեն Էնբորգի խոսքերով, այս ընկերությունը կահույքի արտադրության համար նյութերի 50 տոկոսը ներկրում է դրսից, սակայն այսուհետ՝ անհարժեշտ նյութերը կփոխարինվի տեղական արտադրանքով:
ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդը Հայաստանում արդեն երկու ներդրում է կատարել. Առաջինը 2 միլիոն դոլար «Նյու ֆորս» ընկերությունում, որը զբաղվում է ապրանքների փոխադրումներով: Յուրաքանչյուր ընկերությունում ֆոնդի ներդրումների չափը կազմում է կես միլիոնից երկու միլիոն դոլար:
Օտարերկրացի հյուրերը հրավիրելով Հայաստանի կառավարության ուշադրությունը, հատկապես մաքսային հարցերի վրա, նկատեցին՝ եթե ուզում եք ներդրումներ ներգրավել, պետք է արդար խաղի կանոններ լինեն բոլորի համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ