«Հայաստանի եւ Մաքսային միության անդամների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին երեք տարիների ընթացքում բավականին ակտիվ եւ դրական զարգացում են ունեցել: Օրինակ, ասենք ՌԴ-ի հետ միայն անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոս: Եթե խոսենք փոխադարձ ներդրումնհերի մասին, մասնավորաբար, էներգետիկ ոլորտում ուղիղ ներդրումների 45 տոկոսը, որոնք մինչ այսօր ներդրվել են Հայաստանում, ռուսական ներդրումներն են: Բանկային, առեւտրական ոլորտներում ներդրումներ կան, այդ թվում նաեւ Ղազախստանի կողմից»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին:
Տեսակամուրջի թեման էր՝ «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը»
Բանախոսը ոչ պակաս կարեւոր համարեց աշխատատեղերի խնդիրը՝ նշելով, որ շատ հայաստանցիներ ներկայումս աշխատանք են կատարում Մաքսային միության տարածքում՝ բերելով պաշտոնական վիճակագրություն, համաձայն որի, միայն անցյալ տարի ֆիզիկական անձինք Հայաստան են տեղափոխել 1,5 միլիարդ գումար: Բանախոսը հավելեց նաեւ, որ մոտավորապես այդքան գումար Հայաստան է տեղափոխվել նաեւ «մարդկանց գրպաններում»՝ նկատելով, որ այդ գումարներն ավելին են կազմում, քան Հայաստանի արտահանումն է: «Բոլոր բաղադրիչներով արդյունավետ համագործակցում ենք»,- եզրակացրեց Վիկտոր Սպասկին:
Նա մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի եւ Հայաստանի կառավարության վերջին ամիսների՝ իր բնորոշմամբ ՝ բավականին ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը եւ ասաց, որ բավականին լավ հեռանկարներ կան, եթե մոտակա ժամանակներս Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին. «Դա հնարավորություն կտա բոլոր ուղղություններով աշխատել՝ ապրանքաշրջանառություն, ծառայություններ, աշխատուժ: Համագործակցությունն ընթանում է, բայց դեռ բավականին աշխատանք է պահանջվում ՀՀ-ի՝ լիիրավ անդամությունը ձեւակերպելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ