Եվրոպարտատոմսերի առաջին թողարկումը, որպես այդպիսին, Հայաստանի համար կարելի է հաջողված համարել։ Ներգրավվեցին միջոցներ, որոնք մեզ նման երկրների դեպքում վատ տոկոսադրույքով չեն։
Սակայն, դրանով հանդերձ, եվրոբոնդերը Հայաստանի համար թանկ հաճույք են։ Այն ծանրացնում է արտաքին պարտքը, որն առանց այն էլ թեթեւ չէ։ Այս թողարկմամբ երկրի արտաքին պարտքը ավելացավ եւս 700 մլն դոլարով։ Ի դեպ, նախապես ծրագրված էր ներգրավել 500 մլն դոլար։
Հայաստանին հաջողվեց եվրոբոնդերի թողարկմամբ ներգրավել միջոցներ, որոնց տարեկան տոկոսադրույքը 6 տոկոս է։ Սա ավելի ցածր է, քան մեզ նման շատ երկրների դեպքում։ Ասենք, Վրաստանի եվրոբոնդերի նվազագույն տոկոսադրույքը ներկայումս 6,3 է։ Թողարկման պահին այն գերազանցում էր նույնիսկ 7 տոկոսը։ Այնպես որ, այս առումով Հայաստանի դիրքը շատ ավելի բարենպաստ է։
Չնայած դրան, նման բարձր տոկոսադրույքով վարկեր ներկայումս Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում գոյություն չունեն։ Ամենաթանկը չորս տարի առաջ ներգրավված ռուսական վարկն է, որի գինը այս պահին չի անցնում 4 տոկոսը։
Իհարկե, այն լողացող տոկոսադրույքով է. հետագայում կարող է տատանվել՝ կապված, այսպես կոչված, Libor-ի փոփոխության հետ, որն ավելանում է վարկի ֆիքսված 3 տոկոսին։ Այժմ Libor-ը 1 տոկոսի սահմաններում է։ Բայց չի բացառվում, որ հետագայում բարձրանա։
Ներգրաված մյուս վարկերը, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին, շատ ավելի արտոնյալ պայմաններով են։ Սակայն Հայաստանի համար գնալով սահմանափակվում է նման պայմաններով նոր վարկեր ստանալու հնարավորությունը։ Հաշվի առնելով տնտեսական զարգացումների մակարդակը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները աստիճանաբար կրճատում են տրամադրվող արտոնյալ վարկերը։
Եվրոպարտատոմսերի թողարկման շնորհիվ ներգրավված գումարները կառավարությունը մտադիր է ուղղել ռուսական վարկի մարմանը։ Այս մասին դեռեւս մի քանի ամիս առաջ հայտարարեց վարչապետը։ Թե որն է դրա տրամաբանությունը, դժվար է ասել։ Որքան էլ ռուսական 500 մլն դոլարանոց վարկը Հայաստանը ներգրավել է ծանր պայմաններով, այնուհանդերձ պարտատոմսերի դիմաց ստացված միջոցներն անհամեմատ ավելի թանկ են։
Այս պայմաններում դժվար է բացատրել ռուսական վարկը ժամկետից շուտ մարելու շտապողականության պատճառը։ Նամանավանդ այն տրված է 15 տարի մարման ժամկետով, որից չորս տարին արտոնյալ ժամանակահատվածն է։ Այս տարվանից Հայաստանը սկսում է մարել ռուսական վարկը։
Դրա սպասարկումը անշուշտ մեծացրել է արտաքին պարտքի մարման ծանրաբեռնվածությունը, բայց այնպես չէ, որ այդ առումով խնդիրներ կան։ Այս պայմաններում անհասկանալի է կառավարության մոտեցումը։ Թեեւ չի բացառվում, որ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարելուց հետո որոշակի վերանայումներ լինեն։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում