Քաղաքական առումով անկախ Հայաստանը ընտրությունը կատարել է 22 տարի առաջ` ռազմավարական գործընկեր ընտրելով Ռուսաստանին: Այլ ընտրություն այն ժամանակ եւ հիմա էլ, անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ, մեր երկիրն ունենալ չէր կարող, քանի որ փոքր պետությունները գտնվում են մեծ պետությունների ստեղծած անվտանգության համակարգերում: Այս առումով ոչ մի արտառոց բան չկար ներկայիս նախագահի որոշման մեջ: Հայաստանում տեղակայված են ռուսական զորքերը, մեր երկիրը նորագույն զենք եւ զինատեսակներ է ստանում Ռուսաստանից նվազագույն գներով, այստեղ տեղակայված ռուսական զորամասերում ծառայողների գերակշիռ մեծամասնությունը հայեր են, որոնք բարձր աշխատավարձ են ստանում Ռուսաստանից եւ օգտվում այդ երկրի զինվորականների համար նախատեսված բոլոր արտոնություններից: Այլապես, ինչպես է ստացվում, որ Հայաստանը կարողանում է դիմակայել Ադրբեջանի հետ սպառազինություների մրցավազքին, երբ այդ երկրի պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 1,5 կամ 2 մլրդ դոլար է, իսկ մերը` 300 մլն դոլար: Երեւի պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ մեր ռազմական բյուջեի մի քանի անգամ պակաս լինելու բացը լրացվում է հենց ռուսական` զեղչ գներով զենք ստանալու շնորհիվ: Ինչով էլ պայմանավորված է ռազմական հավասարակշռության պահպանումը մեր եւ Ադրբեջանի միջեւ, հետեւաբար նաեւ ղարաբաղյան պատերազմը վերսկսելու Ադրբեջանի վախը: Մի՞թե բարդ է հասկանալ, որ Հայաստանի որեւէ նախագահ չէր կարող անտեսել թեկուզ միայն այս հանգամանքը, դիմեր արկածախնդրության եւ մերժեր Ռուսաստանի առաջարկը կամ պահանջը, կամ գուցե շանտաժը: Սակայն սա միակ պատճառը չէր Մաքսային միությանը համաձայնելու:
Ռուսական գազի գնի բարձրացումից հետո սկսեցինք մեղադրել այդ երկրի եւ մեր իշխանություններին, որ ռազմավարական գործընկերները այդպես չեն վարվում եւ այլն: Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը: Դա տարեկան 150 մլն դոլար է: Որտեղի՞ց էինք այդ գումարը վճարելու: Մեր հասարակության մեջ բացակայում է ընկալումը, որ ամեն ծառայություն եւ ապրանք ունի իր արժեքը: Հայաստանի Մաքսային միության մեջ ընդունվելու որոշումը, առանց լրացուցիչ ջանքերի արդեն տարեկան 150 մլն դոլար տվեց մեզ: Ռուսաստանը համաձայնվեց դա փոխհատուցել, իսկ հետագայում էլ դա տեղի կունենա Մաքսային միության ընձեռած հնարավորությունների միջոցով: Ո՞վ կարող է ասել ինչպես կվարվեր Ռուսաստանը, եթե Հայաստանի որեւէ նախագահ մերժեր նրան: Այսպես ասենք, գազի գինը հաստատ չէր սուբսիդավորի, այլ, ամենամեղմ դեպքում, ավելի կբարձրացներ, ինչպես եւ մատակարարվող զենքի, միջուկային վառելիքի գները: Իհարկե, այնպես չէր լինի, ինչպես Վրաստանի հետ, երբ այդ երկրի նախագահը արկածախնդրության դիմեց, որի հետեւանքով քիչ էր մնում երկրի մայրաքաղաքը կորցներ, բայց կորցրեց միայն Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց Ռուսաստանի վերաբերմունքի անգամ ամենամեղմ փոփոխությունը աղետաբեր կարող էր լինել մեզ համար:
Եթե վերոնշյալ գործոններով համեմատություններ անցկացնենք ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի հետ, ապա պարզապես համեմատելու ոչինչ չկա: Եվրոպան ինքը կախում ունի ռուսական գազից եւ ձգտում է այլընտրանք գտնել, հետեւաբար մեզ չէր կարող ապահովել գազով եւ ընդհանրապես էներգակիրներով, այդ թվում նաեւ միջուկային վառելիքով: ԵՄ-ը մեզ չէր առաջարկում նաեւ անվտանգության համակարգ:
«Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ը 2011-2013-ի համար Հայաստանին տրամադրել է 157 մլն եվրո, որոնք ուղղվեցին մեր երկրի մրցունակության բարելավմանը, տեխնիկական աջակցությանը, մաքսային համակարգի բարեփոխումներին, սպառողների իրավունքների եւ հեղինակային իրավունքների պաշտպանությանը, սննդամթերքի անվտանգության ստանդարտների համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, ընտրական գործընթացների բարեփոխումներին, կրթական ծրագրերին եւ այլն: Անկասկած, այս ծրագրերը օգտակար եղան մեր երկրի համար, եւ այս ուղղություններով հետագա համագործակցության խորացումը, ինչը նախատեսված էր Ասոցիացման պայմանագրով, լրացուցիչ հնարավորություններ էր ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման համար: Սակայն ակնհայտ է, որ այս ամենը հնարավոր չէ փոխել անվտանգության երաշխիքների, գազի, միջուկայի վառելիքի հետ: Սակայն, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, միայն քաղաքական բաղադրիչով չէր պայմանավորված Հայաստանի` Մաքսային միությանը նախապատվություն տալը:
Մաքսային միությանը միանալու ընձեռած հնարավորություններով Հայաստանի տնտեսական աճն ավելանալու է լրացուցիչ 4 տոկոսով, հետագայում եւս 2,5 տոկոսով, այսինքնՙ ընդհանուր առմամբ հավելյալ 400 մլն դոլարով, երբ ԵՄ-ի ասոցիացման պայմանագիրը երկարաժամկետ կտրվածքով 2,3 տոկոս լրացուցիչ աճ է կանխատեսում, որը գումարային առումով գնահատվում է մոտ 150 մլն դոլար: Նորից շեշտենք, որ միայն գազի գնի մեջ տարեկան այդ նույն չափով գումար ենք խնայում: Միաժամանակ, ռուսական կողմը խոստանում է խոշոր ներդրումներ, ինչը կավելացնի Հայաստանի նաեւ տնտեսական անվտանգությունը` 500 մլն դոլար կներդրվի Իրան-Հայաստանի երկաթուղու կառուցմանը, 100 մլն դոլար` հյուսիս-հարավ ճանապարհին, ինչպես նաեւ նավթամթերքների տեղափոխման, ատոմակայանի գործունեության եւ նոր ատոմակայանի կառուցման, «Նաիրիտի» վերազինման ու գործարկման համար, որոնց ներդրումների չափը դեռեւս հստակեցված չէ:
Կարծում եմՙ հարցեր կառաջանան, իսկ ռուսական կողմը կկատարի՞ այդ ներդրումները: Միջպետական հարաբերություններում, համենայն դեպս, երկու երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությունների գոնե հիմնական մասը կատարվում է: Բացի դրանիցՙ Ռուսաստանի համար եւս Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի: Այնպես չէ, որ միայն Ռուսաստանն է մեզ պետք, մենք էլ ենք Ռուսաստանին պետք: Սակայն եթե մեզ համար Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կենսական հարց է, ապաՙ Ռուսաստանի համար այս տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու: Ուստի հենց սրանով էլ պայմանավորված Ռուսաստանը պետք է կատարի իր խոստումները, աջակցի Հարավային Կովկասում իր միակ դաշնակցի ռազմական եւ տնտեսական անվտանգությանը:
Եվ վերջում կցանկանայինք անդրադառնալ Հայաստանի` Մաքսային միության մեջ մտնելով իբր անկախությունը կորցնելու շահարկումներին: Այսպիսի հարց, ինչո՞ւ Բելառուսում կամ Ղազախստանում չեն մտածում, որ իրենք անկախություն են կորցնում: Հայաստանը շարունակում է ունենալ իր բանակը, անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սերտ կապերն ու անսասան դիրքորոշումը, դրամական միավորը, ինքնուրույն դրամավարկային քաղաքականությունը: Վերջինիս վրա հատկապես կցանկանայինք շեշտադրում կատարել: ԵՄ անդամ երկրներից ոչ ոք չի կարող ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն վարել, քանի որ գտնվում են միասնական եվրոյի գոտում, եւ այդ քաղաքականությունն իրականացնում է Եվրոպայի կենտրոնական բանկը: Ուրեմն Ֆրանսիան կամ Գերմանիան անկախ չե՞ն: Ենթադրենքՙ սրանք խաղի կանոններ թելադրողներն են, այդ դեպքում, օրինակ` Լատվիան, Լիտվան, Էստոնիան կամ, առավել եւս, Բուլղարիան ու Ռումինիան անկախ չե՞ն: Եթե անկախ չեն, ապա Հայաստանն ինչո՞ւ պետք է ձգտի ԵՄ` անկախությունը կորցնելու համա՞ր: Եթե անկախ են, ապա Հայաստանն իր Կենտրոնական բանկով եւ դրամական միավորով առավել եւս անկախ է եւ անկախ կլինի նաեւ Մաքսային միության մեջ մտնելու դեպքում: Կարծում ենքՙ տրամաբանական առարկություններ այստեղ պարզապես գոյություն չունեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում