ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Նարեկ Գյոզալյանի եւ Ռոբերտ Անանյանի նկատմամբ:
Գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան, որի այս տարվա մարտի 21-ի դատավճռով՝ 6-ական տարվա ազատազրկման են դատապարտվել երկու երիտասարդները:
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը: Ամբաստանյալների հարազատների տեղեկացմամբ, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորները վճռաբեկ բողոք են բերել:
Մեղադրանքի հիմքում դրվել է ավազակությամբ հափշտակված գումարի պատմությունը, որը նրանք, ըստ գործի նյութերի, խլել են Նիկա անունով մեկից:
Կարդացեք նաև
Տուժողը Նիկա անունով «մարմնավաճառուհի» է՝ Վահե Ս. –ն:
Նարեկն իրեն մեղավոր չի ճանաչում, ասում է, որ չի կատարել այն արարքը, որում իրեն մեղադրում են: Նա իր վճռաբեկ բողոքում հայտնել է այն մասին, որ Հայաստան գալով՝ հանդիպել է Ռոբերտին: Վերջինն ասել է, թե ճանաչում է Նիկա անունով մի աղջկա, եւ սեռական հարաբերություն ունենալու նպատակով կարող են գնալ նրա տուն:
Զանգել են Նիկային, ասել իրենց բուռն ցանկությունների մասին, պայմանավորվել հանդիպել:
Ըստ Նարեկի, մինչ գեղեցկուհուն հանդիպելը, նրանք մտել են համակարգչային խանութ, Ռոբերտի համակարգչի վերանորոգման հետ կապված գնել են կպչուն ժապավեն, կրակայրիչ ատրճանակ՝ Ռոբերտի ընկերոջը նվիրելու նպատակով:
Առեւտրի թեժ պահին Նիկան զանգել է, եւ ասել, որ նշված ժամին, եթե չգան. «ապա ուշ կլինի, չի ստացվի հանդիպումը, քանի որ մեկ այլ հաճախորդ է գալու»:
Ռոբերտը ընկերոջն ասել էր, որ Նիկայի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, եւ Նիկան նրան 40 000 դրամ… պարտք է մնացել:
Նիկայենց տանը լավ են զգացել՝ երաժշտություն, զրույց, ու երբ Ռոբերտն ասել է, թե պարտք է մնացել 40 000 դրամ, Նիկան հրաժարվել է:
«Երբ հանեցի դրամապանակս, որպեսզի 40 000 դրամը տամ Նիկային, նա հարցրեց, ինչ կա տոպրակում: Ես պատասխանեցի, կրակայրիչ է, որը նվեր է: Նիկան այդ կրակայրիչը չի տեսել: Հետո Նիկան զրույցի ժամանակ ասաց՝ տղա է, մենք չհավատացինք, կարծելով կատակ է անում:
Համոզվելով, որ Նիկան ճիշտ է ասում, ես զայրացա, ասացի, որ չեմ ցանկանում օգտվել նման ծառայությունից, եւ իմ կողմից նրան տրված 40 000 դրամը պահանջեցի»,-իր բողոքում ասում է Նարեկ Գյոզալյանը:
Նիկան հրաժարվել է վերադարձնել: Սկսվել է վեճ:
Տուժողը սկսել է սպառնալ, թե ուր որ է ընկերությանը կկանչի, զանգահարել է ինչ-որ մեկին, վիսկու, գինու շիշը սեղանից վերցրել՝ հարվածել է գումարը պահանջող հաճախորդի ուղղությամբ: Ըստ ամբաստանյալների, Նիկան վերադարձրել է 80 000 դրամ գումարը եւ իրենք հեռացել են:
Տուժողենց տանը շփոթի ժամանակ մնում է կպչուն ժապավենը եւ նվերը՝ կրակայրիչը: Նիկան, որի ընկերները ոստիկաններն էին, հետագայում հաղորդում է տալիս, թե կպչուն ժապավենով փորձել են իրեն կապել, գլխին են խփել:
Պաշտպանական կողմի կարծիքով, տուժողն ագրեսիվ է եղել, նա է փորձել հարձակվել մեղադրյալների վրա, իսկ վերջիններն էլ հայտնվել են խաբված վիճակում:
Ի դեպ, դատարանը հափշտակված գումարի չափ էր համարել 220 000 դրամը, իսկ վիսկու, գինու շշերի վրա էլ միայն տուժողի մատնահետքերն էին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ