Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան խաղալիքներ հասարակության համար

Սեպտեմբեր 25,2013 11:47

Շարունակում են զարմացնել բոլոր այն վերլուծաբանները, որոնք խիստ առաջ են նայում, նշելով, թե այժմ ոչ թե երկրի խնդիրներն են լուծվում, այլ` 2017-18 թվերի զույգ ընտրություններում դոմինանտների հարցը: Ըստ նրանց` ստացվում է, որ հայ հանրությունն ընդհանրապես ապրում է ընտրությունից ընտրություն, միայն ընտրական գործընթացի սուբյեկտ որպես, իսկ ընտրություններից հետո նրանց խնդիրների լուծումն այնքան է օրակարգային, որքանով դա կառնչվի արդեն հինգ տարի հետոյի ընտրություններին: Ու այդպես հորինվում է պսեւդոպատկերացումների մի վիրտուալ տարածք, որը նպաստում է կեղծ օրակարգերին եւ մարդկանց հեռացնում իրենց խնդիրները լուծելու կամքի եւ ընդունակության դրսեւորումից: Հայ հանրությունը անշունչ մատերիալ չէ, նա ունի մտածող շերտեր եւ պետք չէ այդ շերտերին մանիպուլյացիայի ենթարկել, հուսահատեցնել, հեռացնել նրանց իրենց կյանքի գլխավոր խնդիրների լուծումը պահանջելուց:
Վերլուծություններ կան, թե Հայաստանի իշխանությունը խնդիր ունի մոնոլիտ դառնալու, որ վարչապետ ու կառավարիչ դառնալու հավակնորդներ կան, ինչը խանգարում է իշխանությանը նպատակասլաց աշխատել: Ու բերվում են մշտապես Ծառուկյանի, Քոչարյանի, այլ հավակնորդների անուններ, որպես ներկա կառավարությանը կրնկակոխ հետապնդողների: Սակայն մենք հակված ենք այլ դիտանկյունից նայելու այս ամենին: Քանի որ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը որպես այդպիսին այժմ գոյություն չունի, գոնե լավ է, որ կառավարման ալտերնատիվ հավակնություններ կան, ու դրանք ի վերջո կատարում են այն դերը, ինչ պետք է կատարեր ընդդիմությունը: Այսինքն` եթե Ծառուկյանի ստվերը հետապնդում է մեր կառավարիչներին (եթե իհարկե հետապնդում է, եւ իրականում ամեն ինչ վերին պայմանավորվածությունների ծիրում չէ), ուրեմն շատ ավելի լավ պետք է աշխատի մեր կառավարությունը, քանի որ դիմակա հավակնությունները զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմին են փոխարինում, որն իրականում պետք է կատարեր խորհրդարանը, բայց նույն թիմի մեծամասնության առկայությամբ ի վերջո չի կատարում, եւ կամ ընդդիմությունը պետք է կատարեր, սակայն էական ընդդիմություն գոյություն չունի:
Այնպես որ` ընդդիմախոսությունը կամ քննադատությունը մի սպեղանի է, կամ մաքրող հեղուկ, որ թույլ չի տա թմբիր ու նեխում:
Իսկ մտորելու բան կա, իսկապես:
Մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեզ դեմ տրված նոր օրակարգերի վրա` երկրի գնալիք ճանապարհի վերաբերյալ, հասկանալ մանրուքները Հայաստանի ու Վրաստանի համար Եվրոպա-ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության նոր փուլի, որտեղ առայժմ սկզբնական խաղադրույքներն են հայտարարված, իսկ թե որքան կբարձրանան գները խաղի եւ սակարկության արդյունքում` մինչեւ եկող տարեկես էլ գուցե հայտնի չլինեն: Ու Հայաստանի համար կարեւոր է լինելու Արցախի խնդիրը. ով մեր դիրքորոշմանը համահունչ մոտեցում ցույց տա, նա էլ կստանա ցանկալի խաղագումարը, կներեք` համագործակցությունը, կոպիտ ասացինք: Հավանաբար, Հայաստանը Եվրոպայից չի ստացել այն, ինչ ակնկալել է, ահա եւ այս նոր` «մաքսային ցանկությունը», որի վերաբերյալ, ի դեպ, էլի 100 տոկոսով հնարավոր չէ պնդել, թե չի արժանանա եվրաինտեգրման ճակատագրին: Մանավանդ Մաքսային միության, ու ավելի անպարզ` Եվրասիական միության քաղաքական հեռանկարը դեռ մշուշոտ է: Կլինե՞ն փաստաթղթերը, կտեսնենք, ի՞նչ են նախատեսել Հայաստանի համար, ձեռք չտվե՞ց, հո զոռով չե՞նք մտնելու: Պարզ է, որ ռուսներն ունեն իրենց տարածաշրջանային քաղաքական շահը: Մեզ համար էլ պետք է պարզ լինի` համադրելի՞ է արդյոք այդ շահը Հայաստանի անվտանգության շահին:
Իսկ Մաքսային միության հանդեպ Արցախից ինքնուրույնություն սպասող իմ սիրելի վերլուծաբանուհու մտքին ուղերձ անելով` նկատենք, որ այս պահին միայն մեզ հենց արկածախնդրությունն ու ինքնագործունեությունը կարող են խանգարել, ու այս պահին է հենց պետք որոշումների եւ քայլերի սինքրոնությունը` Հայաստանի ու Արցախի:
Իսկ թե արդյո՞ք Մաքսային միությանը միանալու սարգսյանական որոշումը կապված է իշխանափոխության սպառնալիքի հետ, ինչպես Բորիս Նավասարդյանն է կարծում, եւ այդպիսի որոշման չհայտարարելու դեպքում ռուսները սպառնացել են իշխանափոխությամբ` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանին հարկադրելու միջոցով` սա միգուցե լեգենդի տարրեր ունի իր մեջ, բայց էլ ինչ լեգենդ, եթե իրականությունից վերցված հիմքեր չունենա: Իսկ լեգենդ, թե իրականություն` կապրենք, կտեսնենք:

 ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30