Հատված Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ հարցազրույցից:
– Պարոն դեսպան, նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանն իր նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսվել է Հայաստան–Եվրամիություն գործակցության օրակարգային հարցերի մասին։ Հանդիպումից հետո ի՞նչ պարզ դարձավ ձեզ համար, դուք ստացա՞ք ձեզ հուզող հարցերի պատասխանները։
– Նախ ասեմ, որ իմ կոլեգաները եւ ես գոհ էինք, որ նախագահը հրավիրեց մեզ այդ քննարկմանը եւ այն շատ օգտակար հանդիպում էր, քանի որ օգնեց պարզաբանել որոշ սխալ հասկացված եւ շփոթմունքներ առաջացնող հարցեր, որ մենք այդ հանդիպումից առաջ ունեինք։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ դրական մթնոլորտում, երկու կողմերն էլ արտահայտեցին ուժեղ կամք՝
գտնելու լուծումներ, թե ինչպես պետք է առաջ շարժվենք ապագայում։ Քննարկումը եղել է ավելի շատ ապագայի մասին, քան այն մասին, թե ինչ էր եղել անցյալում։
Կարդացեք նաև
Ես շատ ազնիվ կլինեմ եւ կասեմ, որ այս պահին ոչ ոք չի պատկերացնում եւ հասկանում, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը, գիտենք, որ ինտենսիվ քննարկումներ են գնում Բրյուսելում, ինչպես նաեւ իմ կոլեգաները Լոնդոնում եւ եվրոպական այլ քաղաքներում քննարկումներ են ծավալում այս հարցի շուրջ եւ ինչպես հասկանում եմ՝ հայկական կառավարման շրջանակում եւս քննարկումներ կան, թե ինչպես առաջ տանել մեր հարաբերությունները։ Հիմա չեմ կարող հստակ հայտնել, թե ապագայի ինչպիսի գործողությունների պլան ունենք այս պահին։
– Ստացվում է, որ հանդիպումից հետո այդքան էլ պարզ չի եղել, թե ԵՄ–Հայաստան համագործակցության համար հաջորդ քայլը որն է լինելու։
– Կարծում եմ այն, ինչ մենք ուզում էինք լսել նախագահից, լսեցինք, դա այն հստակ ցանկությունն է, որ Հայաստանն ուզում է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո իմ երկրում որոշ մարդիկ մտածում էին, որ Հայաստանը չի ուզում կամ հետաքրքրված չէ Եվրամիության հետ ակտիվ հարաբերություններ զարգացնելու մեջ։ Սարգսյանի հետ հանդիպումը շատ օգտակար էր, քանի որ դրանից հետո ես կարողացա Լոնդոնի իմ կոլեգաներին հայտնել, որ ՀՀ նախագահը դեռ շատ հետաքրքրված է եւ ուզում է շարունակել դրական ակտիվ ներգրավվածություն ունենալ հարաբերությունների զարգացման հարցում։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում