«Այն առյուծ տղերքը, որոնք այսօր մեզ հետ չեն և նրանց հոգին թևածում է այսօր, այս սրահում Աշոտ Մանուկյանի հոգով ու շշնջում իր ողջ մնացած ընկերների ականջներին: Նրանք երթ ունեն շարունակելու, նրանք հողեր ունեն ազատագրելու: Եվ այդ տղերքը Աշոտ Մանուկյանի հոգով երդում են տվել, երդում է տվել նաև մեր ամբողջ հայ ժողովուրդը, որ երբեք չենք կանգնելու մինչև չկատարենք Աշոտ Մանուկյանի իղձերն ու նպատակներն՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը»,- հայտարարեց ազատագրական երգեր կատարող Ներսիկ Իսպիրյանը «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված «Հրամանատարի 55-րդ աշունը» համերգ հուշ-երեկոյին:
Համերգի ընթացքում հրամանատարին շնորհավորեցին իրենց կատարումներով շնորհավորեցին հայ երգի-երգչուհիներ, «Նուռ» պարային համույթը, իր պարով պապին ողջունեց նաև թոռնիկը՝ Աշոտ Մանուկյանը:
Աշոտ Մանուկյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: 1990 թվականին կազմավորել է «Սասունցի Դավիթ» ջոկատը, որը մեծ դեր ունեցավ Արցախյան ազատամարտում:
Համերգի ընթացքում Աշոտ Մանուկյանի անունը կրող թիվ 93 դպրոցին տրվեց պատվոգիր և տեղի ունեցավ երգչուհի Անի Քրիստիի «Ինչպես արծիվ» երգի շնորհանդեսը:
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրուցում հրամանատար Արամ Թորգոմյանը իր հիացմունքը արտահայտեց. «Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք: Այդ ամբողջ զորահամերգը բխում էր զուտ հոգուց, ազգային գաղափարներից, հայ ֆիդայու մտքից: Աշոտ Մանուկյանը, իրոք, ամեն ինչ արել է, այսօրվա անկախ ու խաղաղ պետության համար: Ցավոք սրտի, վաղամեռիկ դարձավ, կուզենայի, որ իր նմանները ողջ լինեին և տեսնեին, թե ինչ է կատարվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ