Այսօր Կապանում «Ժառանգություն» կուսակցությունից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը Կապանի մշակույթի հրապարակում նախընտրական հանդիպում ունեցավ կապանցի ընտրողների հետ, որին քիչ թվով մարդիկ էին մասնակցում:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր ելույթում անդրադարձավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում արած հայտարարությանը եւ խիստ քննադատեց այդ քայլը:
Ըստ նրա՝ այսօրվա իրենց պայքարը կուսակցական պայքար չէ, այլ պայքար հանուն ազատ, անկախ Հայաստանի, որտեղ երկրի բնակիչները պետք է տերը լինեն իրենց երկրի: «20 տարի առաջ, երբ Սյունիքը կանգնած էր Արցախի թիկունքում, ապացուցեց, որ Արցախը կարող է ազատագրված լինել: Մենք բեկում մտցրեցինք մեր պատմության մեջ: Նորից եկել է մի պահ, որ պետք է նորից բեկում մտցնենք. մենք ենք թելադրողը, մենք ենք մեր կամքը բանեցնողը: Սիրելի՛ սյունեցիներ, մենք ունենք այդ հնարավորությունը, ես հավատում եմ, այդ իսկ պատճառով մենք մարտահրավեր նետեցինք այսօրվա գործող այն իշխանավորներին, ովքեր կապ չունեն եւ հաղորդակից չեն հասարակ ժողովրդի հետ: Այստեղ կուսակցական բանավեճ, վեճ չէ, թողնում ենք կուսակցական դրոշները, մենք ուզում ենք ունենալ հայրենք եւ Սյունիքից սկսելով, թող հարավը թելադրի, որ իրենք են ՀՀ քաղաքացիները, երկրի տերը», -ասաց Զարուհի Փոստանջյանը:
Կարդացեք նաև
Պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանն իր ելույթում ցավով արձանագրեց, որ այս տարիների ընթացքում հանրապետության ԱԺ-ում պատգամավորի աթոռները զբաղեցրել են մեծամասամբ այնպիսի պատգամավորներ, ովքեր ժողովրդի պատգամը տեղ չեն հասցնում: «Մենք նպատակ ունենք այստեղ սեպտեմբերի 29-ին ԱԺ կոչված օրենսդիր մարմին գործուղել, ընտրել ազգի, ժողովրդի ներկայացուցչին եւ ոչ թե՝ որոշակի նեղ շրջանների շահերն արտահայտող անձնավորության»,- նշեց մամլո խոսնակը:
Իսկ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանն իր ընտրողների առաջ խոստացավ պատասխան պահանջել այն մարդկանցից, ովքեր դիմեն կեղծիքների այս ընթացքում: «Իմ հակառակորդ Արմեն Կարապետյանը, որտեղ կանգնում է՝ ասում է ես փորձ ունեմ, ես լավ եմ աշխատել: Քաղաքի կեսն իր սեփականությունն է… բոլորը դա գիտեն: Իսկ ես ձեզ նման սովորական քաղաքացի եմ, չունեմ հարստություն, ռեստորանային համալիր, փոխարենն ունեմ ազնվություն ու պայքարել եմ հայրենիքիս համար: Բայց այսօր այս իշխանությունները ազատամարտիկին թողած պաշտպանում են մյուսի շահերը եւ դուրս են եկել ազատամարտիկի դեմ», – ասաց Սամվել Հայրապետյանը:
«Ժառանգության» թեկնածուի վերջին հանդիպումը նախընտրական քարոզչության շրջանակներում կկայանա սեպտեմբերի 27-ին, որին կմասնակցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյությում
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ