ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Քննարկվեցին Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրեց, որ Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել նշված միջոցառումների իրականացման համար: Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում` աջակցություն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին, ՏԻՄ-երի կարողությունների զարգացում եւ ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Տարածքային կառավարման նախարարության եւ ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները եւ կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների:
Փոխվարչապետը նշեց, որ ակնկալվում են կոնկրետ եւ գործնական նշանակություն ունեցող արդյունքներ, որոնք օգտակար կլինեն համակարգում իրականացվող բարեփոխումների համար:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, քննարկեցին նաեւ հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին