«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7or.am-ին ասել էր, որ հիասթափվել է «Ժառանգությունից» եւ ուզում է հեռանալ: Նա քննադատում է «Ժառանգությանը» Մաքսային միությանը միանալու դեմ գործողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույնպես դուր չի գալիս:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դանիելը մտածող անձնավորություն է: Որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե ինքը ոչ հստակ մոտեցում է տեսել, թեեւ կարծում եմ, այդ հարցազույցից հետո արդեն որոշ գործընթացներ եղել են, այնպես որ, ինքն այնուամենայնիվ փոխած կլինի իր կարծիքը: Անկախության տոնին հայտարարություն է եղել Մաքսային միության հետ կապված, կարծում եմ, Դանիելի կարծիքը մի փոքր փոխվել է: Բայց որպես կրեատիվ երիտասարդ, նորարար գաղափարներով, ազատ մտածող, ինքը որեւէ խնդիր, կարծում եմ, «Ժառանգությունում» չունի: Ինչպես ազատ մտել է «Ժառանգություն», այնպես էլ կարող է շատ ազատ հեռանալ «Ժառանգությունից»:
Դանիել Իոաննիսյանը «Ժառանգությունում» ազնիվ կադրերի պակաս է տեսնում եւ չի բացառում, որ կուսակցության ներսում որոշ մարդիկ Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում կամ այնտեղի շահերից բխող գործողություններ են անում: Մեր հարցին՝ Դուք նման մարդիկ տեսնո՞ւմ եք կուսակցության ներսում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կուսակցությունը երկրի օրգանական մի մասն է եւ ամեն ինչ էլ հնարավոր է կուսակցության ներսում: Տարբեր տեսակի մարդիկ են լինում, գալիս են, գնում: Որքան մարդ կա, այնքան խառնվածք, տեսակետ եւ անսկզբունքայնություն: Եթե Դանիելը նմանատիպ մարդկանց գիտի, ինչ-որ կոնկրետ անձանց հետ կապված տեսակետ ունի, ինքը կարող է բարձրաձայնել, համագումարի ժամանակ էլ կարող է ասել: Ինքը ինչ ցանկացել է՝ ասել է, որեւէ խնդիր չունի»:
Մենք ճշտեցինք, այսինքն` Դուք չե՞ք կռահում ում մասին է խոսքը, սպասում եք, որ նա անուններ ասի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Դանիելին շատ հավանում եմ որպես քաղաքացի եւ որպես կուսակցական: Ինքը միշտ հնարավորություն ունեցել է արտահայտվելու, այնպես որ, կարող է ինքը անուններ տալ: Նեղացվածություն Դանիելի նկատմամբ ինձ մոտ, որպես կուսակցականի, գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք կիսո՞ւմ եք նրա այն կարծիքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ կադրային քաղաքականություն է վարել՝ նա պատասխանեց. «Դա իր կարծիքն է: Կարծում եմ, ինքը կարող է հիմնավորել, թե ինքը ինչ նկատի ունի՝ սխալ կադրային քաղաքականություն ասելով: Համենայնդեպս, պարոն Հովհաննիսյաննն այն եզակի քաղաքական գործիչներից է, որը կարողանում է իր սխալն արագ ընդունել եւ դրա մասին բարձրաձայն ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ