Շամլուղի հանքավայրի աշխատողները «Առավոտի» թղթակցին հայտնել են, որ աշխատավարձի պարտքեր կան, գումարների ժամանակին չվճարելու հետեւանքով պղնձի հանքավայրի շահագործման մեջ ընդգրկված տրանսպորտային մասնավոր միջոցների տերերը հեռացել են, որի պատճառով արդյունահանվող հանքանյութի ծավալների անկում կա:
Զանգահարեցինք Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին: Վերջինս ասաց, որ դեռեւս չի վճարվել Շամլուղի հանքավայրի աշխատողների օգոստոս ամսվա աշխատավարձը, ձեռնարկության ղեկավարությունը խոստացել է, որ աշխատավարձը հաջորդ շաբաթ կվճարվի: Քաղաքապետն ասաց, որ իսկապես արդյունահանվող հանքանյութի քանակը նվազել է:
Զանգահարեցինք հանքավայրի շահագործման պատասխանատուներից Արմեն Նաղդալյանին: Նա ասաց, որ հյուրեր ունի եւ առաջարկեց իրեն մի ժամից զանգահարել: Սակայն ամբողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Շամլուղի հանքավայրը հումք է մատակարարում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին: Մեր աղբյուրները հայտնում են,որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը դեռեւս ղեկավարում է ազատազրկված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, սակայն առաջիկայում սպասվում է սեփականատիրոջ փոփոխություն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ