Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագծերի փաթեթը

Սեպտեմբեր 24,2013 17:56

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 24-ին քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որոնցից 89-ը ընդունվել են ամբողջությամբ, 4-ը՝ մասնակիորեն, 3-ի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում, իսկ 5-ը մերժվել է: Փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հղում անելով ԱԺ կանոնակարգին, նկատեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծերից հանված կամ համալրված հոդվածները պետք է քննարկվեն եւ քվեարկվեն առաջին ընթերցմամբ: Անդրադառնալով բովանդակային խնդրին՝ նա տեղեկացրեց, որ մի շարք հոդվածներ հիմնականում առնչություն չունեին փողերի լվացման եւ ահաբեկչության հետ, ուստի կառավարությունը իրավացիորեն որոշել է հանել դրանք: Նրա գնահատմամբ՝ կատարված փոփոխություններով հիմնականում փարատվել են մտահոգությունները, բայց դեռեւս կան խնդրահարույց մի քանի հարցեր. Կորյուն Նահապետյանը մասնավորապես առաջարկեց օրենսդրական տեխնիկայի առումով ամբողջացնել եւ հստակեցնել «ահաբեկչություն» հասկացության ձեւակերպումը եւ թվարկել դրա բոլոր դրսեւորումները, իսկ քանի որ շահումով խաղերի եւ խաղատների գովազդի արգելանք է նախատեսված, նա առաջարկեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել նաեւ համապատասխան վարչական տույժերը:

Հանձնաժողովի նախագահի տեսակետները ընդունելին էին նաեւ հանձնաժողովի անդամների համար:

Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը, ընդունելով դիտողություններն ու առաջարկները, հավաստիացրեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում աշխատանքային կարգով դրանք կքննարկվեն ու կներառվեն օրինագծերի փաթեթում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ինչպես երկրորդ ընթերցման ներկայացված ամբողջ փաթեթի, այնպես էլ առաջին ընթերցման ներկայացված այն հոդվածների վերաբերյալ, որոնք նախագծերից հանվել կամ նոր էին ներառվել:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես աշնանային նստաշրջանում խորհրդարանական լսումների թեմաներին, անցկացման ժամկետներին, հանձնաժողովի՝ ուժային տարբեր կառույցներ կատարվելիք այցերին առնչվող հարցեր:

 ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30