«Չէ, 1 մլրդ ռուբլով ոչինչ չէին կարող գնել, որովհետեւ պատմությունն ասում է, որ այդ ժամանակ՝ 1924թ. –ին մեկ կիլոգրամ հացն արժեր 5 մլրդ ռուբլի»,-այսպիսի հետաքրքիր մանրամասն հայտնեց ԿԲ դրամագիտության վարչության փորձագետ Գեւորգ Մուղալյանը՝ այսօր Հրազդան քաղաքում՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ:
Նոյեմբերի 22-ին կլրանա Հայաստանի Հանրապետությունում հայկական դրամի շրջանառության 20-ամյակը: Այդ տարեդարձին ընդառաջ՝ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ արդեն եղել են ՀՀ յոթ մարզկենտրոնում, Հրազդանը ութերորդն է: Կոտայքի մարզպետարանում բացված ցուցահանդեսը կշարունակվի եւս մեկ շաբաթ:
Ցուցահանդեսի նպատակը, ըստ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի՝ մարզի բնակիչներին, բայց հատկապես բարձր դասարանների դպրոցականներին ծանոթացնելն է հայկական դրամի պատմությանը:
Իսկ պատմությունը գալիս է դեռ Ծոփքի թագավորության ժամանակներից: Ինչպես Գ. Մուղալյանը նշեց՝ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչեւ մեր օրերը՝ մ.թ.ա. 3-րդ դարի մետաղադրամ է: Այդ մետաղադրամների վրա գրված չէ նրանց արժեքը, եւ միայն չափից ելնելով դրանք եղել են կեսդրամ, դրամ, երկդրամ եւ այլն:
Կարդացեք նաև
Հրազդան տարված ցուցահանդեսում կային նաեւ Տիգրան Մեծի ժամանակներից մնացած մետաղադրամներ: Պարոն Մուղալյանի խոսքերով՝ Տիգրան Մեծի ժամանակ մետաղադրամների վրա հայկական թագավորական թագի պատկերումը յուրօրինակ է եւ չի հանդիպում ոչ մի այլ պետության, ոչ մի այլ թագավորության կերտած մետաղադրամներում:
Հետաքրքրիր է, որ հին Հայաստանում բացի համապետական դրամից, եղել են նաեւ քաղաքային, օրինակ, Արտաշատ քաղաքն ուներ իր սեփական դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում:
Ցուցադրված էին նաեւ Կիլիկյան Հայաստանի մետաղադրամներ: Դրանք 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են, օրինակ, Լեւոն 1-ին թագավորի ժամանակ, որոնք լատինատառ են արտադրվել: Իսկ Հեթում 1-ի ժամանակ հազվադեպ թողարկվել են նաեւ մեկ կողմում հայատառ, հակառակ կողմում՝ արաբատառ մետաղադրամներ:
Ցուցադրված էին նաեւ Առաջին Հանրապետության ժամանակ տպված թղթադրամները, ապա՝ Անդրկովկասի սոցհանրապետությունների ֆեդերացիայի թղթադրամները, ՍՍՀՄ ժամանակվա ռուբլիների հավաքածուն, եւ ՀՀ անկախությունից հետո տպագրված բոլոր թղթադրամները:
Հետաքրքիր էր նաեւ հուշադրամների հավաքածուն: Բացի մեր մեծերի՝ Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի , Սայաթ Նովայի, Մեծարենցի դիմաքանդակներով հուշադրամների, թողարկված էին նաեւ համաշխարհային սպորտի աստղերի դիմապատկերներով դրամներ, այդ թվում՝ Պելեի, Էյսեբիոյի, Բեքենբաուերի, Կրուիֆի, Պլատինիի:
Մեր առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին: Իսկ վերջինը՝ առայժմ, թողարկվել է այս տարի եւ նվիրված է Հայաստանում դրամաշրջանառության 20-ամյակին: Երկուսն էլ արծաթե հուշադրամներ են:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ