Սեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:
Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:
Ելույթ ունեցողներն ընդգծել են Լոս-Անջելես և Շուշի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:
Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացումը երախտագիտության նշան է Լոս-Անջելեսի բնակիչների և իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Պուրակի բացման արարողության ավարտին Շուշիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով Շուշի քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը և իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնելու բարեկամական կապերը երկու քաղաքների միջև: Կողմերը քննարկել են նաև համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն