«Եթե նրանց վաղը ազատ արձակեն, ես չեմ բողոքի, քանի որ նրանք ընդամենը միջնորդ են, փողոցում նրանց նմանները շատ են. երեք մարդ այս կողմ, երեք մարդ այն կողմ, ինչ տարբերություն: Հնարավոր է, որ որոշ հարցերով բողոքարկենք, բայց դա չի լինելու նրանց վիճակը բարդացնելու, կամ պատժաչափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ առանց այդ էլ նրանց վիճակը ողորմելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անդրադառնալով իր դեմ մահափորձ իրականացնողների դատավճռին՝ այսպիսի կարծիք հայտնեց:
Մինչդեռ պարոն Հայրիկյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ Վարդան Սեդրակյանի` 14 տարի ազատազրկումն իրեն չի բավարարել. «Պետք է երջանիկ զգան իրենց: 20 տարուց-ցմահ է հասնում…Բայց, իրենց շատ դատված լինելն, ինչպես ասում են, իմ մեծագույն ցանկությունը չի: Մի առիթով ասել եմ, որ Հայաստանում, ցավոք, մի քանի հազար մարդ կա, որ փողով պատրաստ են սեփական ազգի վրա կրակել: Հիմա դրանցից մի քանիսն ազատության մեջ լինեն, թե բանտում նստեն՝ էական չի: Այլ բան, որ կծիկը մինչեւ վերջ հասցնեինք եւ կարողանայինք հետագայում շատ բաներ հասկանալ՝ Մաքսային միություն, Պուտինի հայտարարությունը…»:
Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք` ի վերջո ինքն ի՞նչ նկատի ունի, գո՞հ է դատավճռից, թե՞ ցավում է դատապարտյալների համար, քանի որ նրանց այսօր «ողորմելի վիճակում գտնվողներ» համարեց: Նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ դա օրենքով նախատեսվածի նվազագույնն է, իսկ դա չի նշանակում, որ ես ուզում եմ ավելի շատ լինի նրանց պատժաչափը: Մարդիկ դատապարտված են…. փայլուն վիճակո՞ւմ են, երջանի՞կ են, նրանք շատ ծանր վիճակում են: Ես ցավում եմ նրանց երեխաների և ընտանիքների համար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ