Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց համալիր սոցիալական ծառայության կենտրոն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնատարներ: Նոյեմբերյանի պոլիկլինիկայի նախկին շենքը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվել է, տեխնիկապես հագեցվել:
Կենտրոնում գործում են սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային կենտրոնը եւ Լոռու մարզի թիվ 3 բժշկական սոցիալական փորձաքննության հիմնարկը (որի գործունեության տարածքը ներառում է նաեւ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը):
Նախարարն ու մարզպետը նորաստեղծ հիմնարկի համակարգող Սամվել Բեգլարյանի ուղեկցությամբ շրջեցին համալիրի տարածքում, ծանոթացան առկա պայմաններին: Նախարար Արտեմ Ասատրյանը կարեւորեց ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների աշխատողների աշխատանքային պայմանների բարելավումը, այլ նաեւ այդ հիմնարկների գործունեության բովանդակության փոփոխությունը, նշված հիմնարկների միջեւ համագործակցության ամրապնդումը: Այսուհետ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը տրվելու է մեկ կենտրոնում:
Պատասխանելով մեր հարցին՝ նախարար Ասատրյանն ասաց , որ նման կենտրոնների ստեղծման, տեխնիկապես հագեցման համար ծախսվում է 100-150 հազար դոլար:
Կարդացեք նաև
Նախարարը հայտնեց , որ ներկայումս Հայաստանում ստեղծվել է նման 18 կենտրոն, առաջիկա 2-3 տարում կստեղծվի եւս 37 կենտրոն:
Պարոն Ասատրյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման հարցը, չէ որ նորաստեղծ հիմնարկի սանիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում՝ հաշմանդամներ: Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ՝ վաղ առավոտյան եւ երեկոյան: Նախարարն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ