Հոկտեմբերի 4-ին Գյումրիում կկազմակերպվի և կանցկացվի «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» խորագրով EXPO-ցուցահանդես՝ Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի 30-ից ավելի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ. այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրին «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ Մարիետա Բաղդասարյանը և «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արման Սահակյանը։ Կազմակերպությունը օգոսոստոսի 1-ից Գյումրիում իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, որի նպատակն է խթանել Շիրակի մարզի համայնքային ակտիվ երիտասարդության և հասարակական կազմակերպությունների՝ կամավորության սկզբունքով մասնակցությունը երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։
«Մեր կազմակերպության խորհրդում միտք առաջ քաշվեց մշակել մի ծրագիր, որը անմիջականորեն հնարավորություն կտա երիտասարդներին կապ հաստատել բոլոր այն ակտիվ ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են երիտասարդական դաշտում, աջակցում են երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը»,— ներկաներին հայտնեց Արման Սահակյանը և հավելեց, որ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մի հարթակ, որտեղ երիտասարդությունն անմիջականորեն կծանոթանա և, ինչո՞ւ չէ, նաև մասնակից կլինի այդ ՀԿ-ների գործունեությանը։
Ծրագրի ղեկավար Մարիետա Բաղդասարյանն էլ լրագրողներին հայտնեց, որ EXPO-ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկը ևս մեկ անգամ օգնելն է կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, և իրենց գործունեությանը տալ հանրային արձագանք, քանի որ մարզերում երիտասարդությունը պասիվ է և այդ պասիվության պատճառներից մեկը կարող է լինել ինքնադրսևորման տեղ և հնարավորություն չունենալը։
Կարդացեք նաև
«Առավոտ Երիտասարդականի» այն հարցին, թե ինչ կարող է տալ EXPO-ցուցահանդեսը հասարակական կազմակերպություններին, Մարիետա Բաղդասարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նախ առաջ այս համագործակցությունը ՀԿ-ներին հնարավորություն կտա ընդարձակելու իրենց գործունեության շառավիղը, էլ ավելի լայն շրջանակներով գործել, ավելի մեծ մարդկային պոտենցյալ ուժ ունենալ և ավելի մաշտաբային ծրագրեր իրագործել։ Ինչպես նաև կարծում եմ, որ հասարակական ոլորտում ընդգրկվելը և ակտիվություն զարգացնելը կնպաստի իրենց դաշտում էլ ավելի հաստատվելուն»։
Իսկ այն հարցին, թե ինչ հիմունքներով են ընտրվել հասարակական կազմակերպությունները, Արման Սահակյանը պատասխանեց, որ հ/կ-ների ընտրությունը կատարվել է համացանցի միջոցով։ Համացանցում և բոլոր սոցիալական ցանցերում տարածվել է հայտարարություն EXPO-ցուցահանդեսի վերաբերյալ և դրվել է հստակ վերջնաժամկետ, և մինչև վերջնաժամկետը դիմած առաջին 30 հ/կ-ները ընդգրկվել են ցուցահանդեսին մասնակցելու համար։ «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական տվյալներով գրանցված է մոտավորապես 6000 հասարակական կազմակերպություն, որոնցից առնվազն 1000-ը ակտիվ գործում են։ Մենք պարզապես չէինք կարող ապահովել բոլորի մասնակցությունը միանգամից, ուստի դրված էր հստակ խնդիր ապահովել մինիմումը 30 հ/կ-ների մասնակցություն։ Դրա համար էլ ունեցանք հստակ վերջնաժամկետ, և այն հ/կ-ները, որոնք առաջինը դիմեցին, այս պարագայում իրենք էլ ընտրվեցին», — ասաց Արման Սահակյանը և ավելացրեց, որ ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ։
EXPO-ցուցահանդեսը տեղի կունենա Գյումրիի Բիզնես կենտրոնում, և ցուցահանդեսին ներկայացված հասարակական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գործունեությունը, ինչպես նաև յուրաքանչյուր կազմակերպություն կունենա իր առանձին տաղավարը։ Նախատեսված է նաև լրացուցիչ աջակցական միջոց EXPO-ցուցահանդեսի աշխատակազմի կողմից, որը կլինի նախապես կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերած նկարների և ծրագրերի վերնագրերի, կամավորական աշխատանքների վերաբերյալ սլայդ-շոուի տեսքով, և որը ամբողջ ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի բոլոր ներկաներին։
EXPO-ցուցահանդեսից հետո, որպես հաջորդ քայլ, ծրագրի կազմակերպիչները ապագայում պլանավորում են նաև հեռուստատեսային քննարկում։ Քննարկմանը կհրավիրվեն երիտասարդական ոլորտում բավական փորձ ունեցող խոսնակներ, կլինեն նաև ՏԻՄ մարմիններ, ակտիվ երիտասարդներ և հավաքագրված ցուցակներից կամավորներ։ «Կաշխատենք իրենց հետ ծավալել զրույց առկա երիտասարդական խնդիրների շուրջ՝ արդյոք որքանո՞վ են իրենք տեսնում կամավորության դերը համայնքում, որքանո՞վ են կարևորում, ի՞նչ հնարավոր զարգացումներ են տեսնում և ինչպիսի՞ համագործության եզրեր են տեսնում ընդհանրապես», — ասաց Մարիետա Բաղդասարյանը։
Ներկա լրագրողներից մեկը մտահոգություն հայտնեց, որ ինչպես փորձը ցույց է տալիս ՝ քննարկումը ակտիվ երիտասարների և ՏԻՄ մարմինների միջև անարդյունավետ է, և կարելի է բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվելու են քննարկումը կազմակերպելու համար, տրամադրել այն հասարակական կազմակերպություններին, որտեղ և կամավորները «աշխատում են», և այդ միջոցներով վարձատրել նրանց։ Արման Սահակյանն էլ պատասխանեց, որ դեռևս չի եղել այնպիսի մի դեպք, երբ ուղիղ եթերում պետության ներկայացուցիչների, համայնքի ներկայացուցիչների և կամավորների միջև լինի այնպիսի մի զրույց, որտեղ հենց կամավորները և երիտասարդները կբարձրաձայնեն իրենց հիմնախնդիրների մասին։ Նա նաև հավելեց, որ իրենք հեռուստաքննարկումը կարևորում են նրանով, որ պետության ներկայացուցիչները քննարկման ժամանակ կտան որոշակի խոստումներ և կգան համաձայնության երիտասարդների հետ, թե ինչով են նրանք պատրաստ աջակցել լոկալ մակարդակում համայնքի զարգացման համար։
Հիշեցնենք, որ ծրագիրը ամենամյա է, և յուրաքանչյուր տարի նախատեսվում է գործարկել ծրագիրը ոչ միայն Շիրակի, այլ հանրապետության բոլոր մարզերում։
Դաթո Աբուլաձե
Լուսանկարը՝ Արթուր Հարությունյանի