Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:
Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա – Հայաստան ընկերակցության, ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի եւ Ճապոնիայի հիմներով՝ ճապոնացի ճանաչված սոպրանոյի կատարմամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու նվիրվածությամբ մշտապես հաստատակամ է զարգացնել իր երկիրն ու ավելացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ ընդգծեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ եւ հագեցած օրակարգ ունեն:
Այնուհետեւ Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ հղեց Ճապոնիայի խորհրդարանի անդամ Կազույուկի Համադան: Նա նշեց, որ ճապոնացիների համար Հայաստանը դեռեւս վաղուց հետաքրքիր ու գրավիչ երկիր է եղել՝ իր պատմությամբ, հարուստ մշակույթով եւ ավանդույթներով, եւ այժմ ուրախալի է, որ Հայաստանն ու Ճապոնիան միմյանց առավել լավ են ճանաչում, եւ թե զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, թե ճապոնացի գործարարների ու մշակույթի գործիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի մեծանում է:
Ընդունելությանը զուգահեռ ցուցադրվեց «Armenia – The Land of Noah» խորագրով տեսաֆիլմը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ