Այսօր ԵՄ կենտրոնում AEGEE-ի Երևանյան գրասենյակը եւ Քաղաքացիական Ֆորում ՀԿ-ն (JEF Հայաստան) քննարկում էին կազմակերպել՝ վերլուծելու վիզաների հեշտացման կարգի հետ կապված հիմնախնդիրները՝ վերջին քաղաքական իրադարձությունների՝ Մաքսային միություն մտնելու ենթատեքստում:
AEGEE-ի Երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ երիտասարդները, ովքեր մնում են ԵՄ տարածքից դուրս, անընդհատ հանդիպում են ինչ-որ խոչընդոտների:
2012թ. դեկտեմբերին եւ 2013թ. ապրիլին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել են վիզաների ազատականացմանը վերաբերող երկու կարեւոր փաստաթղթեր՝ «Վիզաների ազատականացման համաձայնագիր» եւ «Ռեադմիսիայի պայմանագիր»։ Վերջիններս ենթադրում են Հայաստանի քաղաքացիների՝ հեշտացված կարգով մուտքի ապահովում ԵՄ երկրներ, քանի որ ՀՀ-ն արդեն իսկ միակողմանիորեն վերացրել է ԵՄ անդամ-պետությունների հետ վիզային ռեժիմը։ Այդ պայմանագրերը նաեւ ապահովում են նոր իրավական շրջանակ ԵՄ-ՀՀ համագործակցության համար։
«Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ նախագահ Վիկտոր Ենգիբարյանի խոսքերով՝ «ԵՄ-ն 4 ազատությունների վրա է հիմնված՝ ապրանքների, մարդկանց, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժի: Սա նշանակում է, որ ԵՄ ցանկացած քաղաքացի, նաեւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած ցանկացած քաղաքացի կարող է ազատ տեղաշարժվել: Հայաստանը դեռեւս Մաքսային միության անդամ չէ, չնայած չեմ կասկածում, որ ԱԺ-ն կվավերացնի որոշ փաստաթղթեր: Հայաստանը ոչ վիզային ռեժիմի գոտում է գտնվում ՌԴ-ի հետ, ոչ Բելառուսի, Ղազախստանի:
Կարդացեք նաև
ԵՄ-ում հարյուր հազարավոր փախստականներ են ապրում, նրանցից շատերը ոչ օրինական կարգով են գտնվում, Եվրոպան ուզում է այդ մարդկանց տեղափոխել օրենքի սահմաններ: Եթե մենք ասում ենք, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, եթե Հայաստանում հարգվում է կրոնական, մտքի, դավանանքի ազատությունը, ապա չպետք է լինեն մեր երկրից փախստականներ»։
Հարցին՝ ի՞նչ է լինելու արդեն ստորագրված, վիզաներին առնչվող երկու պայմանագրերի ճակատագիրը՝ Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց, որ վավերացվելու են. «Այն փաստաթղթերը, որոնք կապ չունեն Ասոցացման պայմանագրի հետ, արագ զարգանալու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ