Հայաստանի բնակչության 67%-ը կողմ է Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին միանալուն, նման արդյունք է ստացել Եվրասիական զարգացման բանկի «ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտությունը:
Հետազոտությունն անցկացվել է ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում: Հարցմանը մասնակցել է ավելի քան 14 000 մարդ՝ ամեն երկրից հազարից երկու հազար հոգի:
Ըստ հետազոտության, ՄՄ-ին և ՄՏՏ-ին անդամակցելուն ամենաշատը կողմ են Ուզբեկստանում՝ 77%, Տաջիկստանում՝ 75% և Ղրղզստանում՝ 72%:
Ուկրաինայում ՄՄ-ին միանալուն կողմ են արտահայտվել հարցվածների 50%-ը, իսկ Մոլդովայում՝ 54%-ը: Նույն երկրներում, 2012թ. Համեմատ, բարձրացել է բացասական վերաբերմունքը ՄՄ-ի նկատմամբ՝ Մոլդովայում 7-ից դարձել է 24%, իսկ Ուկրաինայում՝ 5-ից 28%:
Կարդացեք նաև
Վրաստանում հարցվածների 59%-ն է կողմ կառույցներին, ինչը երկու անգամ ավելին է, քան անցած տարի:
Ամենաքիչը ՄՄ-ին և ՄՏՏ-ին միանալ ցանկանում են Ադրբեջանում, այստեղ հարցվածների ընդամենը 37%-ն է կողմ, իսկ 53%-ը բացասական վերաբերմունք ունի երկու կառույցների նկատմամբ:
Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում ՄՄ-ի և ՄՏՏ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը կազմում է 65, 73 և 75% համապատասխանաբար: Միևնույն ժամանակ, 2012թ, համեմատ, Ղազախստանում 7%-ով, իսկ Ռուսաստանում 5%-ով աճել է կառույցների նկատմամբ բացասական վերաբերմունքը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ