Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. Քաղաքացիական կոնկրետ խմբեր ծրագրել էին լարվածություն ստեղծել Հայաստանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2013 15:22

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քաղաքացիական շարժման շուրջ նկատել է ստվերային երեւույթներ:

«Միշտ էլ խնդիր է եղել՝ շատ ակտիվ պայքարող ազնիվ զանգվածի հետ եղել են կարճաժամկետ ֆինանսական կամ քաղաքական նպատակներ հետապնդողներ, նրանք այսօր էլ կան»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ ասաց, որ գլխավոր խնդիրը ստվերում է հայտնվել. «Գլխավոր խնդիրը մնացել են բախումները, լարվածությունը: Շուկայի խնդրով որոշ մարդիկ փորձում են դիվիդենդներ շահել, որովհետեւ Փակ շուկայի խնդիրը նոր չի առաջացել: Քաղաքական որոշ գործիչների վրա զարմանում եմ, որ տարիներ շարունակ այդ խնդիրը չէին շոշափում, հիմա շոշափում են: Լսել եմ՝ Տիգրան Խզմալյանին ու Գարեգին Չուգասզյանին, որ ասում են, թե սա մինի պայքար է, որը պետք է վերածվի քաղաքական մեծ պայքարի: Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է, այսինքն՝ սա մի փոքր հոսա՞նք է, որը պետք է դառնա մի մեծ գե՞տ: Կա կոնկրետ խնդիր, բայց չեմ տեսնում, որ այդ կոնկրետ խնդրի շուրջ ձեւավորվի օրակարգ»:

Պարոն Սուրենյանցը, որպես քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար, վստահեցրեց, որ Փակ շուկայի սեյմսիկ վիճակը խոցելի էր այն ժամանակ, երբ ուներ պետական գրանցում. «Եթե չմասնավորեցվեր, այսօր իր տեսքն ավելի աղճատված կարող էր լինել: Եթե խնդիր կա, որ կամարներ են փոխվել, այդ խնդիրը պետք է հետապնդվեր ու լուծվեր երկխոսության դաշտում»:

Նրա խոսքերով, պետությունը ռեսուրսներ չունի մշակութային արժեքները վերակառուցելու համար, ու որոշակի ուժեր այս պահին փորձում են քաղաքացիական նախաձեռնության գեղեցիկ ցուցանակի տակ ակրոբացիա անել. «Շուկայի նոր տեսքը չի փոխվելու, բայց եւ շուկա է լինելու, եւ սուպերմարկետ, հետեւաբար աղմուկը չափազանցված եմ համարում: Ի՞նչն է խնդիրը, եթե շուկայի կողքին լինի սուպերմարկետ: Քաղաքացիական հասարակության նպատակները պետք է լինեն ռացիոնալ, եթե անընդհատ ասում ես սա վատ է, պետք է այլընտրանք առաջարկես: Շուկայի մոտ ակտիվիստներից հարցրել եմ՝ ձեր նպատակը ո՞րն է, շարժման լիդերներն անգամ կապակցված պահանջ չեն ներկայացնում, մի քանի քաղաքական կարգախոսներ են ու վերջ: Ես դեմ եմ ամեն ինչ ոչնչացնելու ու ամեն ինչ մերժելու գաղափարին: Ձեզ վստահեցնում եմ՝ եթե չլիներ սեպտեմբերի երեքի՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, քաղաքացիական շարժումների շատ կոնկրետ շրջանակներ փորձելու էին երկրում լարվածություն առաջացնել, բայց ոչ ոք չէր սպասում, որ նախագահի քաղաքականության մեջ այսպիսի շրջադարձ կլինի: Աղմուկն այստեղ չափազանցված եմ համարում»:

Ասուլիսի վերջում քաղաքագետը նաեւ հեգնեց. «Եթե որոշ քաղաքական գործիչներ, օրինակ, Նախախորհրդարանի Ճանապարհային քարտեզի շուրջ չեն կարողանում հրապարակում անհրաժեշտ թվով մարդ հավաքել, դա չի նշանակում, որ քաղաքացիների արդար ցասումն օգտագործեն քաղաքական դիվիդենդներ ստանալու համար, իրականում պայքարող մարդիկ դառնում են գործիք, խնդիրը մնում է չլուծված»:

Նա չարդարացրեց Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների պայքարը, բայց կրկին մեղադրեց ակտիվիստներին. «Երբ քաղաքացիական ակտիվիստները խնդիրը բովանդակային դաշտից տանում են զանգվածի դաշտ, դիմացինն էլ ապացուցել է, որ իր հետեւում ավելի շատ զանգված է կանգնած»:

Սուրեն Սուրենյանցը նաեւ հավելեց, որ Գարեգին Չուգասզյանը վատ կազմակերպիչ է եւ նրա բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները ձախողում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30