Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արկադի Վարդանյանի եւ ՀՀ քաղաքացիներ, ՍՊ ընկերության աշխատակից Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը։
Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը։
Արկադի Վարդանյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գալոյանը, իսկ Ավետյանի եւ Սավդալյանի պաշտպանությունը՝ փաստաբան Գեւորգ Մելքոնյանը։
Այս գործով տուժողը Ռոբերտ Ավետյանն է՝ Արսեն Ավետյանի հայրը։
Կարդացեք նաև
Արամ Ամիրզադյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ վարորդ Վարուժան Սավդալյանը 500 հազար դրամի պարտք է ունեցել Արսեն Ավետյանին։ Իմանալով, որ վերջինիս հայրը որոշել է տղային տան հաշվառումից դուրս հանել, նրանք այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ծրագրել են հոգեմետ դեղահաբի միջոցով թունավորել Արսենի հորը։ Այդ նպատակով նրանք ձեռք են բերել «ազալեպտին» դեղահաբերը, որը ըստ մեղադրական եզրակացության՝ պետք է հանքային ջրի հետ տրվեր տուժողին։
Ի դեպ, պաշտպան Գեւորգ Մելքոնյանը հայտնեց, որ նշված հոգեմետը թվարկված չէ ո՛չ ՀՀ հսկվող դեղերի ցանկում, որը հաստատվել է 2003 թ. կառավարության որոշմամբ, եւ ո՛չ էլ առողջապահության նախարարության 2007 թ. հրամանով։
Ամբաստանյալները իրենց մեղավոր չճանաչեցին, իսկ Արկադի Վարդանյանն էլ հայտարարեց, որ քննարկման առարկա պետք է դառնան քրեական գործին չկցված գաղտնալսումների արձանագրությունները։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հայտնելով, որ դատաքննությունը դեռ նոր է սկսվում եւ չեն հետազոտվել ապացույցները, ուստի հետաձգեց միջնորդության քննարկումը։
Տուժողը, երբ հարց եղավ, թե բացարկ ունե՞ն դատավարության կողմերին, դիմեց դատավորին՝ հարցնելով, թե ո՞ր դատավորն է սանկցիա տվել, որ այս գործը հարուցվի, նաեւ հայտնեց, որ բողոքում է քրեական գործի նախաքննության դեմ։
Ի դեպ, պաշտպան Գեւորգ Մելքոնյանը հարցով դիմեց ամբաստանյալ Արկադի Վարդանյանին, ասելով, թե նա հարցաքննության ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել հանցագործության նախապատրաստման մասին իմանալու դրվագով։ Սակայն այն ընդհատվեց, քանի որ դատախազը հանդես եկավ հայտարարությամբ՝ հարցնելով. «Ի՞նչ դիմումի մասին է խոսքը, որը դատարան չի ներկայացվել, չի հետազոտվել, եւ պաշտպանը իրավունք չունի հարց տալու չհետազոտված ապացույցի կապակցությամբ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ