Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խաչիկյան. «Ախթալայի կոմբինատի սեփականատերը ներդրումներ չի անում»

Սեպտեմբեր 24,2013 14:44

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն (ԼՀԿ) այսօրվա դրությամբ, «Ապառաժ» ընկերությանն ունեցած 1 միլիոն 200 հազար դոլար պարտքից ոչ մի լումա չի մարել: Կոմբինատի հարյուրավոր աշխատողներ սեպտեմբերի 6-ից մեկ ամսով իրենց հաշվին արձակուրդ են վերցրել եւ անգործ սպասում են, թե կոմբինատը ե՞րբ կմարի պարտքերը, որպեսզի շարունակեն հանքաքարի հորատացման, պայթեցման ու տեղափոխման աշխատանքները:

Այսօր Aravot.am-ը Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանից, որը խոստացել էր խնդիրը բարձրացնել Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ, հետաքրքրվեց, թե ասե՞լ է, արդյոք, մարզպետին եւ ի՞նչ է արվել այդ հարցով:

«Մարզպետն էլ է անհանգստացած, որ կոմբինատում կան նմանատիպ խնդիրներ: Մարզպետը խոսել է կոմբինատի սեփականատիրոջ հետ, որը կրկին հավաստիացրել է,  թե ամեն ինչ այնպես չէ եւ որ կոմբինատը բնականոն հունով աշխատում է, սեփականատերը վստահեցրել է, որ լավ կլինի եւ այլն, բայց, իհարկե, ինձ մոտ այդ վստահությունը չկա»,-ասաց պարոն Խաչիկյանը:

Նրա համոզմամբ, տարիներ շարունակ կրկնվող այս նույն խնդրի բուն պատճառն այն է, որ կոմբինատի սեփականատերը` «Մեթըլ Փրինս ԷԼ-ԹԻ-Դի»-ն ներդրումներ չի անում.

«Սեփականատերը մտածում է քիչ ծախսով շատ շահույթ ստանա ու վաղը, մյուս օրը հիմնարկը կանգնելու է քայքայման եզրին եւ Ախթալա ու Շամլուղ համայնքների բնակչությունը, որը, դեռ աշխատանք ունի եւ որոշակի աշխատատեղով ապահովված է, կանգնելու է փաստի առաջ: Վերջին տարիներին արդեն իսկ բնակչության որոշ թվաքանակ մեկնում է արտագնա աշխատանքի, որոշներն էլ` ընտանիքներով են մեկնում»,-նկատեց քաղաքապետը:

Պարոն Խաչիկյանը վկայեց, որ Ախթալայի ԼՀԿ-ն պարտքեր ունի «ամենափոքր խանութներից սկսած` մինչեւ ամենամեծ ընկերությունները»: Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ կոմբինատի աշխատանքներն ամբողջությամբ չեն դադարեցված. «Մի քանի օր աշխատում են, մի քանի օր չեն աշխատում, քանի որ հանքաքար չկա: Ժամանակավոր լուծումներ են գտնում, բայց դա խնդրի լուծում չէ: Հանքաքարի պայթեցման, հորատացման աշխատանքներ կատարող աշխատողները սպասում են, թե երբ պետք է կոմբինատը պարտքերը մարի, որ նորից աշխատանքները շարունակեն կամ էլ ընդհանրապես դադարեցնեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30