Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և տնտեսվարողներ:
Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:
«Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն: Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:
Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր: Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են 10 հազար կամավորներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն