Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ագրեսիվություն է տեսնում

Սեպտեմբեր 24,2013 14:27

Հայաստանի հելսինկյան կոմիտեն այսօր ամփոփեց «Իրավունք եւ հանդուրժողականություն» ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում խղճի ու կրոնի ազատության իրավիճակի բարելավմանը`տարածելով անաչառ տեղեկատվություն եւ մշակելով օրենսդրական առաջարկություններ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ծրագիրը որոշակի առումով իր դերը կատարել է: Խոսքն այն մասին է, որ ծրագրի շրջանակներում ուսուցողական քննարկումներ են անցկացվել լրագրողների հետ եւ այսօր արդեն ծրագրի համակարգողները փաստում են, որ մտածողության փոփոխություն է արձանագրվել: «Ասենք, Կոմիտաս Վարդապետը կամ Ալեքսանդր Ամարյանը եթե ասուլիս էին հրավիրում եւ բոլոր լրատվամիջոցներն առանց մեկնաբանությունների լուսաբանում էին, մեր կայքում այլ կարծիք է հնչել իրենց ասածների վերաբերյալ: Այս տեսակետից, մեր կայքի աշխատանքը բավականին նորություն էր հայաստանյան լրատվական դաշտում»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Հարցին`ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպության անդամները չե՞ն փաստել, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ իրենց բավականին ագրեսիվ են պահում, մասնավորաբար, «Եհովայի վկաները» եւ մորմոնները, Իշխանյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում իրենք միակողմանի քարոզչության կամ ահազանգերի ականատեսը չեն եղել կրոնական փոքրամասնությունների կողմից:

Նա նաեւ նկատեց, որ մարդիկ հաճախ խոսում են ոչ պատշաճ քարոզչության մասին, բայց օրենքը պատշաճ քարոզչության որեւէ սահման չի դնում: Այն, որ փողոցում մոտենում են մարդկանց, զանգահարում են տուն կամ ուղղակի թակում են տան դուռը, Իշխանյանը արտառոց չի համարում. «Դա էլ քարոզչության ձեւ է: Գուցե ինձ դուր չի գալիս, բայց դա որակել իբրեւ ագրեսիվ քարոզչություն, ես ձեռնպահ կմնայի, որովհետեւ նույն ընտրությունների ժամանակ մենք բոլորս տեսնում ենք այդպիսի քարոզչություն կուսակցությունների կողմից, որը թույլատրվում է: Մեր տուն էլ են եկել, բայց ես ինչ-որ ագրեսիվություն չեմ տեսել: Եկել են, շատ քաղաքավարի թակել են դուռը, ես հրաժարվել եմ, ցտեսություն են ասել, եւ դուռը փակվել է: Իհարկե, շատ ակտիվ քարոզչություն են նրանք իրականացնում, բայց ես չէի ասի, որ դա ագրեսիվ է: Համենայնդեպս, իմ անձնական օրինակով ես կարող եմ ասել, որ երբեւէ պարտադրանք չեմ տեսել»:

Հիշեցնենք, որ դեռ 2011 թվականին Հայաստանի հելսինկյան կոմիտեն Հայաստանում հետազոտություն էր անցկացրել կրոնի եւ խղճի ազատության վերաբերյալ: Ավետիք Իշխանյանն ասում է, որ ժամանակ անց, ինքն առաջընթաց չի տեսնում, ավելին. «Հակառակը, ես տեսնում եմ շատ դեպքերում ավելի ագրեսիվություն կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30