Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Ռուսաստանը կորոշի՝ խնձոր ծախե՞ս, թե՞ ոչ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2013 13:55

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր «Հայելի» ակումբում իր նոր՝ «Ամեն երկուշաբթի» ներկայացման մասին խոսելիս, ասաց, որ գոհ է հանդիսատեսի մեծաթիվությունից: Հոկտեմբերի մեկից դերասանը իր ներկայացումը խաղալու է Սունդուկյանի անվան թատրոնում, այսինքն՝ տեղափոխվելու է Հ. Պարոնյանի անվան թատրոնից: «Մասնավոր թատրոնի ներկայացուցիչներն անընդհատ դատապարտված են վայր փնտրել, իսկ պետական թատրոններն էլ ստիպված են ենթարկվել պետական քաղաքականությանը: Մի քիչ տխուր եմ, որովհետեւ Պարոնյան թատրոնում ասես մեր տանը լինեինք, բայց նաեւ ուրախ եմ, որ ավելի մեծ դահլիճում ենք խաղալու»,-ասաց արվեստագետը:
Վարդան Պետրոսյանը նշեց, որ իր ներկայացման վերջում բոլորը ձեռք-ձեռքի տված, միասին երգում են. «Հայ մարդուն դժվար է երգացնելը, այսինքն՝ դա հոգեփոխության, հոգենորոգման նման մի բան էր: Այդ առոմով, սա շատ կարեւոր ներկայացում է: Ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, թե ինչպես է հայ մարդը փոխվում: Ես տասը րոպե պատրաստում եմ հանդիսատեսին երգելուն, նույնիսկ առաջին ներկայացման ժամանակ պատրաստ էի ծունկի գալ եւ խնդրել, որ երգեն: Մենք մի տեսակ իրար չենք սիրում, հայերս իրար հետ չենք երգում: Անգամ համերգների ժամանակ երգիչը երգում է, դահլիճը՝ ոչ, հայ մարդը խուսափում է իրեն ցույց տալ, չգիտեմ՝ պատմությունի՞ց է դառնացած, թե՞ ուրիշ բանից: Ըստ իս, էս դառնացած օրերին կարողանալ մարդկանց ցնծության բերել, մեծ բան է: Կարծում եմ՝ իմ փոքրիկ մշակութային, հոգեբանական էքսպերիմենտը կայացավ»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե իր ներկայացմամբ արդյո՞ք հեղափոխական կոչեր է անում, Վարդան Պետրոսյանը պատասխանեց. «Ես հեղափոխական կոչեր չեմ անում, արվեստը հեղափոխական կոչեր չպետք է անի»:

Ապա հավելեց, որ իր ներկայացումներում ուղղակի իրականությունն է արտացոլում: Զուգահեռ տանելով իր ներկայացման եւ իրականության որոշ դրվագների միջեւ, Վարդան Պետրոսյանն ասաց. «Օրինակ, քաղաքապետի ընտրություններում հաղթեցին թաղային հեղինակությունները, որոնք միշտ էլ եղել են: Բայց մեր երիտասարդներն ապացուցեցին, որ քաղաքը իրենցն է: Ցավոք, մենք միշտ փնովել ենք երիտասարդներին՝ արա՜, դե կարդացած չեն էլի, մեր ժամանակ բա տենց է՞ր…Ի դեպ, կեսն էլ սուտ ենք ասում, մենք պայծառ երիտասարդություն ունենք: Ես հեղափոխության կոչ չեմ անում, հոգեւոր միասնության կոչն եմ անում, որովհետեւ որեւէ հեղափոխություն առանց հոգեւոր միասնության ոչնչի չի հասնի»:

Անդրադառնալով թանկացումներին ընդհանրապես եւ կոնկրետ երթուղայինների ուղեվարձը՝ առաջիկայում սպասվող թանկացմանը, դերասանն ասաց. « Թանկացումներ գնում են ամբողջ աշխարհում, բայց նման անխիղճ թանկացումներ ոչ մի տեղ չեն լինում: Օրինակ, Ֆրանսիայում էլեկտրագնացքները թանկացան կես եվրո…Անմարդկային թանկացումներ են մեզ մոտ, կոնտրոլից դուրս: Երեւանի քաղաքապետարանը կարող է սուբսիդավորում, միջոցներ գտնել, ասենք՝ կարմիր գծերի պարկինգները պետք է ոչ թե մասնավոր լինեն, այլ քաղաքապետարանինը, բազմաթիվ ուղիներ կան երթուղայինների որակը բարձրացնելու: Գուցե այս ամենը հերթական «կուտ» են, որոնք հրապարակ են նետվում մարդկանց ուշադրությունը շեղելու, որովհետեւ քաղաքական այլ գործընթացներ են գնում: Ամեն դեպքում, ես խղճում եմ էն մարդկանց, որոնք նայելով դրա համար պայքարող երիտասարդներին, չարախնդում էին, թե սարքած գործ է: Իհարկե պիտի միանամ այն ակցիային, երբ բոլոր մեքենաները դառնում են երթուղային, ախր դա այնպիսի բան է, որ ուղղակի ապրելդ գալիս է: Կեցցեն մեր երիտասարդները»:

Ասուլիսին անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն: Վարդան Պետրոսյանը նախ կատակեց. « Վա՜խ ես ողբում եմ, խեղճ Մաքսային միության, խեղճ Ռուսաստանի, խեղճ Ղազախստանի համար…Ախր Ղազախստանի բոլոր լավաշի ցեխերը հայերինն են, էլ Բայկոնուր ո՞ւր եք թռցնում, տիեզերագնացները սոված մնացին»:
Մաքսային միություն մտնելու համատեքստում, ըստ դերասանի, Հայաստանի համար լավ չի լինելու: Նրա պատկերավոր խոսքով. «Ռուսաստանը կորոշի, դու խնձոր ծախե՞ս, թե՞ ոչ: Մյուս կողմից էլ՝ ռուսները կարող էին այնպես անել, որ լինեինք բարոյապես, տնտեսապես եւ քաղաքականապես ավելի արժանապատիվ»: Ցանկացած հանրային հնչեղություն ունեցող հարց «ներմուծվում» է Վարդան Պետրոսյանի ներկայացում. «Մաքսային միության հարցը երբ բարձրացվեց, մի փոքրիկ կատակ մտավ ներկայացման մեջ… Իմ կատակները ծնվում են անքուն գիշերներից, միայն ես կարող եմ կատակել, մեկ էլ վարչապետը»: Դերասանը հայտնեց նաեւ, որ ունի մեկ հեղինակային գիրք՝ «Օրեր, գույներ, ճակատագրեր» վերնագրով եւ Հայոց ցեղասպանության մասին հինգ-վեց գրքի թարգմանության եւ հրատարակության ծրագիր, դրանք հիմնականում ականատեսների վկայություններ են. «Ուզում եմ թարգմանեմ ֆրանսերենից, հրատարակեմ ու բաժանել ուսանողներին եւ դասախոսներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30