Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճոյախոսություն՝ ուղղված Բաղրամյան-26-ին

Սեպտեմբեր 24,2013 14:20

ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը՝ Մաքսային միության «մինուսների» մասին

– Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումից բավականին ժամանակ է անցել, արդեն առավել սթափ գնահատականներ եւ վերլուծություններ է հնարավոր անել. այնուհանդերձ, ինչպե՞ս կորակեք Սերժ Սարգսյանի անակնկալ քայլը, գուցե դա ճի՞շտ լուծում էր այս պահի համար:

– Սերժ Սարգսյանի այդ քայլն անակնկալ էր սեպտեմբերի 3-ին ե՛ւ ՀՀ ժողովրդի, ե՛ւ հասարակության համար, բայց, ինչպես մի քանի օր առաջ պարզվեց, այն անակնկալ չէր այն մարդկանց համար, ովքեր գաղտնի մասնակցում էին Մաքսային միությանն անդամակցության գործընթացին եւ ավելի բացահայտ մասնակցում էին ԵՄ Ասոցացման համաձայնագրի քննարկումներին: Այստեղ հարց է ծագում՝ արդյոք ՀՀ իշխանություններն ազնի՞վ են իրենց վարքագծում՝ արտաքին տնտեսական հարաբերություններում: Ոչ, բացառապես ոչ: Անազնիվ վարքագիծ, որն ավելի նողկալի է, ավելի վատ տպավորություն է թողնում: Օրինակ՝ ես ավելի շատ համաձայն կլինեի, որ ճնշման ազդեցությամբ Սերժ Սարգսյանն այդ որոշումը կայացրած լիներ, քան նման անազնիվ քայլ աներ, որովհետեւ առաջին դեպքում ամեն ինչ պարզ է՝ մեր երկիրն այնքան կախված է ՌԴ-ից, մեր տնտեսությունն այնքան կախված է ՌԴ-ից, որ եթե տնտեսության բոլոր ոլորտների մասով միջին գնահատական տանք, 70 տոկոսով մենք գտնվում ենք ռուսական տնտեսական լծի տակ: Էլ չեմ խոսում ՌԴ-ի ռազմական ներկայությունից ՀՀ-ում: Բայց, պարզվում է, Սերժ Սարգսյանը ոչ մի ճնշման չի ենթարկվել: Գաղտնի բանակցել է ռուսական իշխանությունների հետ եւ խաբել Եվրոպային: Ինձ համար սա շատ սարսափելի բացասական տպավորություն է: Շատ տգեղ է, ու որպես ՀՀ քաղաքացի՝ ես վիրավորված եմ, որ մենք կարող ենք մեզ նման ոչ արժանապատիվ վարքագիծ թույլ տալ:

– Ո՞րն էր այդ գաղտնիության նպատակը:

– Ես կարծում եմ, որ Եվրոպայի հետ այս շատ անազնիվ քայլից իրենք բավականին մեծ գումարներ ստացան, յուրացրեցին: Դա էր ընդամենը: Թե ինչո՞ւ մեր իշխանությունները խաբեցին եվրոպացիներին, թող եվրոպացիներն իրենք գտնեն դրա պատճառները եւ իրենց որոշումը կայացնեն:

– Կարծում եք՝ Եվրոպայից յուրացրած գումարները ՀՀ իշխանությունները հեշտ ու հանգիստ կմարսե՞ն:

– ՌԴ-ն շատ ուժեղ պետություն է, որովհետեւ աշխարհի ամենահարուստ պետությունն է, բայց առայժմ չի կարողանում լիարժեք օգտագործել իր հնարավորությունները: Միաժամանակ ՌԴ-ն ունի շատ հզոր ռազմական բազաներ եւ ահուդողի մեջ է պահում ողջ աշխարհը: Կարծում եմ՝ այդ տիպի գործընկերությունը ՀՀ իշխանություններին թույլ կտա այս իրավիճակից չոր դուրս գալ: Եվրոպային էլ պետք չէ ՌԴ-ի հետ հակամարտությունը: Կարծում եմ՝ Եվրոպան չի ցանկանա երբեւէ դառնալ ՌԴ-ի ախոյան: Ավելի լավ է՝ բարեկամ: Բայց ՌԴ-ի վիճակը շատ կվատանա, երբ Ուկրաինան իրականում անջատվի ՌԴ-ից: Փաստորեն, ՌԴ-ի հետ մնում են ընդամենն այն երեք երկրները, որոնք արդեն Մաքսային միության համաձայնագիր ունեն: ՀՀ-ն հայտարարել է, որ կմիանա, բայց ՀՀ-ի տնտեսական դերակատարությունը Մաքսային միության մեջ զրոյական է ՌԴ-ի համար: ՌԴ-ի համար դա միայն քաղաքական որոշում էր, քանի որ կորցրել է Վրաստանը, Ադրբեջանը, Միջինասիական հանրապետությունները շատ թույլ են, շատ հետամնաց են՝ առաջիկա 10-15 տարիներին Մաքսային միությանն անդամակցության հեռանկար չունեն, Մերձբալթյան պետությունները, Մոլդովան հեռացել են, մնացել են Բելառուսը եւ Ղազախստանը: Եթե Ուկրաինան էլ գնաց՝ ՌԴ-ն մեծ խնդիրների առջեւ է կանգնում. առանձին տարածաշրջանային միավորում ստեղծելու իր հնարավորությունները, եթե դա պետք է լիներ հզոր, կորցրեց: Դրա համար էլ կառչեց Հայաստանից:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո անմիջապես սկսեցին ինչ-որ տնտեսական հաշվարկներ եւ հիմնավորումներ ասպարեզ իջեցնել, որ Մաքսային միությանն անդամակցության քայլը Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու է լինելու: Եթե մի կողմ թողնենք հարցի քաղաքական մասը՝ զուտ տնտեսական իմաստով այդ քայլից Հայաստանն ինչ-որ օգուտներ ունենո՞ւմ է:

– Իհարկե՝ ոչ: Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան որոշակի ռազմավարական քայլերի հետեւողական ընթացք է: Որպեսզի երկրներն ինտեգրվեն մեկ տնտեսական միության մեջ եւ ունենան որոշակի ձեռքբերումներ, նրանք նախ պետք է զարգացած լինեն, քանի որ ինտեգրման նպատակն արտադրական կրկնություններից խուսափելն է: Եթե երկրները մասնագիտացված են որոշակի ապրանքների արտադրության մեջ, ելնելով իրենց համեմատական առավելություններից, այն ապրանքները, որոնց համար չունեն այդպիսի առավելություններ, կարող են ձեռք բերել հարեւան երկրներից, որոնց հետ ինտեգրված են առանց մաքսատուրքերի: Այսինքն՝ մաքսատուրքերը դուրս են գալիս, եւ ապրանքներն ընդհանուր շուկայում էժանանում են: Բայց Մաքսային միության մեջ ինտեգրվող չորս երկրներն էլ հետամնաց երկրներ կարելի է անվանել: Եթե ուսումնասիրենք դրանց արտահանման կառուցվածքը, հիմնականում հումքային ապրանքներ են արտահանվում: ՌԴ բյուջեի գերակշիռ մասը ձեւավորվում է նավթի արտահանումից՝ այն դեպքում, երբ զարգացած երկրները բարձր տեխնոլոգիական եւ պատրաստի ապրանքներ են արտահանում: Համաշխարհային ապրանքաշրջանառության մեջ առաջին տեղում Չինաստանն է, որը պատրաստի եւ էժան արտադրանք է արտահանում՝ էժան աշխատուժի միջոցով, եւ առաջ է անցել տարիներ շարունակ առաջատար այլ երկրներից: Նպատակը դա է, որպեսզի հնարավորինս մասնագիտացման առավելությունները բաշխվեն համագործակցող երկրների միջեւ: Եթե այդ երկրները հումք արտահանող են, ի՞նչ պիտի փոխանակեն, որ այդ առավելություններից օգտվեն: Ես չգիտեմ՝ ովքե՞ր են այդպիսի գնահատականներ տալիս, բայց դրանք պետք է հիմնավոր լինեն՝ հենված փաստացի առեւտրի կառուցվածքի վրա: Երբ գնահատականներ տվողները առեւտրի կառուցվածքն ուսումնասիրեն՝ կտեսնեն, որ իրենց գնահատականները զուտ հաճոյախոսության մակարդակի խոսակցություններ են: Հաճոյախոսությունն էլ ուղղված է Բաղրամյան 26-ին:

– Այսպիսով՝ Հայաստանի համար եվրոպական հեռանկարը կարելի է ավարտվա՞ծ համարել:

– Եթե ստորագրվի Մաքսային միությանն անդամակցության փաստաթուղթը՝ այո: Բայց խնդիրն այստեղ մեզ համար հեռանկարը չպետք է լիներ, այլ մեր առավելագույն շահավետ գործընկերությունը, իսկ հիմնական նպատակը պետք է լիներ ՀՀ-ի շահերի ապահովումը՝ Եվրոպայում, թե ՌԴ-ում կարեւոր չէր: Կարեւորն այն էր, որ մենք իրականում ունենայինք շահավետ գործընկերություն, եթե հաշվի առնեինք մեր աշխարհագրական դիրքը: Իսկ աշխարհագրական դիրքը մեզ հուշում է, որ պետք է անցնել ինչ-որ մեկ երկրի սահմանով, որպեսզի կարողանանք ինտեգրվել այս կամ այն խմբավորմանը: Այդպիսի երկիր է Վրաստանը, իսկ Վրաստանն այսօր կողմնորոշված է դեպի Եվրոպա: Նաեւ՝ Ադրբեջանը, Թուրքիան, որը 1986 թվականից ԵՄ մաքսային միության անդամ է: Այս պարագայում Հայաստանը մտնում է մի միավորման մեջ, որի հետ սահման չունի, ու մնում է անկլավ՝ առանց հեռանկարի:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30