Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուերտո Ռիկո

Սեպտեմբեր 24,2013 14:06

Շատ եմ սիրում հայկական աշունը, որովհետեւ հայտնի է, որ հայկական աշունը  միշտ փողով է ավարտվում: Հենց որ նոյեմբերի վերջին ժպտացող Հրանտ Թոխատյանին ու Մարկ Գերագոսին տեսնում եմ հեռուստաէկրանին, ողջ տարվա ընթացքում  հազիվ զսպած ու չարտահայտած հայրենասիրական զգացումներս պարզապես խեղդում են, ձեռքս մեխանիկորեն եւ անհուսորեն ձգվում է դեպի աջ գրպանս ու այնտեղ ոչ մի բան չհայտնաբերելով, մի հազար դոլարի խոստում եմ տալիս, դարձնելով մեր համազգային անկրկնելի աշունը ավելի ու ավելի խոստումնալից:

Բայց ամենից շատ ինձ դուր է գալիս աշնան սկիզբը, երբ սեպտեմբերին մեր հայրենակիցները, որոնք նոյեմբերի վերջին խոստումներ են տալու, գալիս են Հայաստան, որ տեսնեն, թե մենք՝ հայաստանցիներս,  ինչ խոստումների կարիք ունենք: Եվ  այդ պահը ավելի շատ եմ սիրում, որովհետեւ դա մարդկային պահ է՝ ում ասես, որ չես հանդիպի սեպտեմբերյան Երեւանում եւ ինչ սեպտեմբերյան պատմություններ ասես չես լսի մեր հայրենակիցներից: Շատ տարօրինակ պատմություններ:

Օղակաձեւ զբոսայգում անցած շաբաթ «Քենթ» էի ծխում Անկախության օրը: Անհասկանալի է՝ ինչու հենց Անկախության օրը պարոն Ամերիկյանը մոտեցավ, նստեց Տարոն Մարգարյանի տեղադրած YEREVAN.AM նստարանին  ու սկսեց պատմել իր ամերիկյան պատմությունը… Կամ միգուցե կիսաամերիկյան… Կամ էլ ընդհանրապես ոչ ամերիկյան, իսկ տեղ -տեղ նույնիսկ մաքսային այդ պատմությունը…

1991 թվականի սեպտեմբերի 21-ին պարոն Ամերիկյանը 95 տոկոսիս հետ միասին քվեարկեց անկախության օգտին եւ 95 տոկոսիս հետ միասին էլ անմիջապես սկսեց մտածել անկախացած երկրից հեռանալու մասին: Երբ տեղական չինովնիկների կամայականություններից ու քաղաքական գործիչների դատարկախոսությունից զզված՝ մենք մտածում ենք երկրից հեռանալու մասին, հիմնականում պատկերացնում ենք Ազատության արձանը Նյու Յորքի ափերի մոտ կամ Էյֆելյան աշտարակը Եվրոպայում: Մեկ- մեկ մտածում ենք նույնիսկ կենգուրուների մասին, բայց նրանք ահավոր հեռու են: Իսկ պարոն Ամերիկյանը մեր հայրենակիցներից երեւի միակն էր, որը տարօրինակ որոշում կայացրեց եւ, չգիտես ինչու,  նախընտրեց… Պուերտո Ռիկոն…

Երբ պարոն Ամերիկյանը Օղակաձեւ զբոսայգու նստարանին սկսեց պատմել իր հարազատ Պուերտո Ռիկոյի մասին, սկզբում չէի հավատում, որովհետեւ պատկերացում չունեի Կարիբյան ավազանում գտնվող այդ հոյակապ երկրի մասին: Պարզվում է՝ այդ երկրի բնակիչները 1951 թվականից սկսած 14 անգամ հանրաքվե են անցկացրել իրենց կարգավիճակը ճշտելու նպատակով: Իսկ իրենց կարգավիճակը շատ հետաքրքիր է՝ պարոն Ամերիկյանը Ամերիկայի քաղաքացի է, բայց Ամերիկայի նախագահի ընտրություններին իրավունք չունի մասնակցել, որովհետեւ պուերտոռիկացիներն այդ 14 հանրաքվեների արդյունքում այդպես էլ չեն կարողացել ճշտել՝ իրենք ամերիկացինե՞ր են, թե՞ ոչ:

Երբ պարոն Ամերիկյանը պատմում էր իր ապրած երկրի մասին, ես կամաց-կամաց սկսեցի պատկերացնել իրենց հաճույքը: Ապրում են աշխարհի ամենալավ վայրերից մեկում՝ հիմա արդեն ծովահեններ էլ չկան այնտեղ, բայց Կարիբյան անունը հոլիվուդյան կինոնկարներում անընդհատ կա:  Ձմեռ չունեն ու գազի թանկացումն առանձնապես չի հետաքրքրում:  Ու դրանով հանդերձ՝ պարոն Ամերիկյանը ամերիկյան բոլոր առավելություններից օգտվում է: Ռազմական բոլոր ծախսերը Վաշինգտոնի վրա են, չնայած պարզ չէ, թե ով պիտի հարձակվի Պուերտո Ռիկոյի վրա: Բայց հաճելի է, որ ինչ-որ մեկը՝ ուժեղ ու հոգատար թիկունքիդ կանգնած է: Դու էլ ապահով անընդհատ զբաղվում ես քո սիրելի հոբբիով՝ պարբերաբար հանրաքվեներ ես անցկացնում ու որոշում, թե ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ ուժեղ հոգատարի հետ:

Երբ իմացա պարոն Ամերիկյանից, որ Պուերտո Ռիկոն «եւ, եւ»-ի կոմպլեմենտար քաղաքականությունն է վարում, շատ ուրախացա, որովհետեւ ինքս մանկուց շատ կոմպլեմենտար մարդ եմ ու Լեհաստանի նախագահի այդ «կամ, կամ»-ը երբեք չեմ սիրել:

Իսկ Պուերտո Ռիկոյի իշխանություններն իրոք շատ ճկուն քաղաքականություն են վարում: «Վերցրեք մեր վերջին՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ի  հանրաքվեն: Առաջին հարցը սա էր՝ «Դուք համաձա՞յն եք, որ Պուերտո Ռիկոյի ներկա կարգավիճակը պահպանվի»: Իրոք շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ աշխարհում ոչ ոք չի հասկանում, թե որն է Պուերտո Ռիկոյի ներկա կարգավիճակը: Մի 1000 անգամ ՄԱԿ-ն է հորդորել՝ վերջապես ճշտեք՝ դուք Ամերիկայի 51-րդ նահա՞նգն եք, թե՞ պարզապես Մաքսային միության ասոցացված անդամ…  Որպես ամեն ինչից հավերժ դժգոհ հայ, ես նոյեմբերին, իհարկե, քվեարկեցի ներկա կարգավիճակի փոփոխության օգտին: Բայց հանրաքվեի երկրորդ հարցը շատ ավելի բարդ էր»:

Իսկապես, երբ բաժանվեցինք պարոն Ամերիկյանից, գնացի տուն եւ սկսեցի հետազոտել Պուերտո Ռիկոյի վերջին՝ 14-րդ հանրաքվեն: Նրանց, ովքեր պարոն Ամերիկյանի նման արտահայտվել էին Պուերտո Ռիկոյի կարգավիճակը փոխելու օգտին, քվեաթերթիկում առաջարկվում էր երեք տարբերակ: Առաջին՝ դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ եւ ունենալ բոլոր այն իրավունքները եւ հաճույքները, որոնք ունեն մնացած 50 նահանգների քաղաքացիները, այսինքն՝ նաեւ պարբերաբար ընտրել ու վերընտրել Վլադիմիր Պուտինին…  Ներողություն, անընդհատ ռուսական եմ նայում…

Ինչեւէ՝ Ամերիկայի 51-րդ նահանգ դառնալու օգտին անցած տարվա նոյեմբերին քվեարկեց պուերտոռիկացիների 45 տոկոսը:

Հաջորդ տարբերակը՝ լինել Ամերիկայի հետ ասոցացված պետություն: 25 տոկոս:

Եվ երրորդ՝ լինել անկախ պետություն:  4 տոկոս:

«Հիմա այս ամեն ինչին ամերիկացիների հայացքով նայեք, թեեւ ես էլ եմ ամերիկացի, բայց կարելի է ասել՝  առայժմ չկորպորացված ամերիկացի եմ: ԱՄՆ-ի նահանգ դառնալու օգտին քվեարկել է 45 տոկոսը, այսինքն՝ մեծ մասը, այնուամենայնիվ, կողմ չէ… Եթե մեծ մասը կողմ չէ, հո զոռով չեն դարձնելու ամերիկյան նահանգ: Անկախ պետություն ունենալու կողմնակիցներն էլ իմ հարազատ Պուերտո Ռիկոյում 5 տոկոսի էլ չեն հասնում, թեեւ երբ հեռուստալրագրողները խոսեցնում են, հայրենասեր անկախականները 100 տոկոս են: Կհարցնեք՝ բա ինչ է ասում ամերիկյան Կոնգրեսը: Չեք հավատա, բայց կոնգրեսականներն առաջարկել են եւս մի հանրաքվե անցկացնել, այս անգամ արդեն Ամերիկայի ֆինանսավորմամբ: Հիմա Ամերիկայի մաս կազմելու կողմնակից կուսակցությունները Պուերտո Ռիկոյում ասում են՝ եթե Վաշինգտոնը որոշել է ֆինանսավորել մեր հանրաքվեն, ուրեմն նրանք արդեն մեզ ընկալում են որպես Ամերիկայի 51-րդ նահանգ: Ընդդիմախոսները հակառակն են պնդում՝ եթե Վաշինգտոնը ուզում է եւս մի հանրաքվե անցկացնել, ուրեմն բավարար չի գտնում, որ պուերտոռիկացիների 45 տոկոսը ուզում է միանալ Ամերիկային»:

Երբ պարոն Ամերիկյանն ավարտեց, զգացի, որ սիրում եմ ոչ միայն հայաստանյան, այլեւ պուերտոռիկյան աշունը: Աշնանը այնտեղ մարդիկ միշտ զբաղված են իրենց սիրած գործով՝ հանրաքվեներ են անցկացնում: Իսկ դա ոչ պակաս կարեւոր գործ է, քան հայերիս աջակցելու թելեթոնյան խոստումներ տալը:

Ուզեցի մի պահ պատկերացնել պուերտոռիկյան աշունը, բայց հետո մտածեցի՝ եթե այնտեղ ձմեռ չկա, ուրեմն երեւի աշուն էլ չկա: Ու իրենք միշտ մնում են այդ անորոշ վիճակում, երբ չես հասկանում, թե տարվա ինչ եղանակ է դուրսը… Թե դու ում ես ասոցացվել, քեզ ում են ասոցացրել… Եվ արդյոք 51-րդ նահանգն ես…

Պարոն Ամերիկյանը վեր կացավ, սիգարը կպցրեց, ներողամիտ նայեց դեմքիս ու ժպտաց՝ «Անորոշությունը շատ էլ հաճելի է…. Կարիբյան ծովում: Մանավանդ, որ մեզ մոտ ծովահեններ էլ չկան»:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30