Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկված ու երկու նոտայով բեմ դուրս չեն գա»

Սեպտեմբեր 24,2013 14:00

Էռնա Յուզբաշյանը՝ «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի ու չափանիշների մասին

Սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը  «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի մասին պատահաբար տեղեկացել է ծրագրի ռեժիսոր եւ համապրոդյուսեր Էմիլ Կարատից, որը իր սանն է եղել:  «Երբ Էմիլը խոսում էր նախագծի մասին, ես ուղղակի քաղաքավարի լսում էի ու չէի պատկերացնում, որ ես էլ ներգրավված կլինեմ: Հիմա  հաճելիորեն զարմացած եմ՝ փառատոնը երաժշտական շաբաթի շրջանակներում,  շատ պատասխանատու գործ է: Շոյված եմ, որ հայ կատարողների համաստեղությունից հենց ինձ են ընտրել եւ ես պետք է սեպտեմբերի 28-ին ներկայացնեմ էստրադայի օրը: Կարծում եմ՝ դա լավ ավանդույթի լավ սկիզբ է: Գիտեմ, որ հիմա փառատոն իրականացնելը հեշտ չէ, որովհետեւ դժվար է գումար հայթայթելը, բայց մի բանում վստահ եմ, կազմակերպիչները պրոֆեսիոնալներ են: Երեկոն կրելու է «Երգն էլ հոգի ունի» խորագիրը, եւ ես կատարելու եմ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի այն երգերը, որոնք տարիներ շարունակ իմ այցեքարտն են եղել»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց երգչուհին:

Հարցրինք՝ իր ընկալմամբ՝ որտե՞ղ է երգի հոգին՝ բառերում, երաժշտության մե՞ջ, թե՞ հենց  կատարողն է երգի հոգին: Էռնա Յուզբաշյանը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի՝ բառերը, մեղեդին, կատարողը, իսկ ընդհանրապես ինքը  մեծ ուշադրություն է դարձնում բառերին, տեքստն օգնում է ասելիքը, հույզը տեղ հասցնել. «Ցավոք, ժամանակակից երաժշտության մեջ  բառերը, ռուսերեն ասած, կոշմար են, համատարած  անհոգիություն է, ինտելեկտի բացակայություն: Ես կարծում եմ, որ ամենալավ կատարողն անգամ  կդժվարանա անտաղանդ տեքստով երգ կատարել»:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում  ՀՀ մշակույթի նախարարի այն որոշմանը, որ պետք է կենդանի երգել՝ առանց ֆոնոգրամայի: «Ես համամիտ եմ այդ որոշմանը,  որովհետեւ ի վերջո  հանդիսատեսը գալիս է կենդանի կատարում լսելու: Կենդանի չերգելը մի տեսակ բարեխիղճ չէ: Խոսքը չի վերաբերում այն պարագային, երբ հեռուստատեսային տարբերակի խնդիր կա: Չնայած, նկատել եմ, որ այդ որոշումից հետո էլ Հայաստանում երգողների թիվը չի պակասել, այստեղ բոլորը երգում են»,- ասաց արվեստագետը:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի հետ կապված որեւէ նախագիծ ունի՞:

«Ես շատ գաղափարներ ունեմ, բայց դրանք միայնակ կյանքի կոչվել  չեն կարող, չէ՞ որ առանց  գումարի ոչինչ չի իրականանա: Գաղափարները շատ են, ես փող խնդրել չգիտեմ, չնայած հասկանում եմ, որ խնդրողին են տալիս, եւ եթե մարդը ոչինչ չի ասում, մտածում են՝ ուրեմն իր մոտ ամեն ինչ կարգին է, ոչնչի կարիք չունի: Ստեղծագործող մարդը միայնակ ոչնչի չի կարող հասնել, թիմ է պետք համախոհների: Եթե մի տասը տարի առաջ լիներ, գուցե ավելի եռանդուն գործեի, օրինակ՝ դպրոց բացեի, բայց հիմա այնքա՜ն դպրոցներ կան այս փոքր երկրում, այնքա՜ն շատ արտիստներ»,- նշեց մեր զրուցակիցը: Հայկական էստրադայի այսօրվա վիճակի մասին նա չցանկացավ խոսել, ասելով, որ բարոյական իրավունք չունի  նրանց գնահատական տալ, եթե ինքը Հայաստանում չի ապրում: Ինչ վերաբերում է չափանիշներին, Էռնա Յուզբաշյանի խոսքով. «Արտիստն առաջին հերթին պետք է տաղանդ ունենա, ոչ այնքան կրթություն, որքան տաղանդ:  Բեմ դուրս գալու իրավունքը միայն արտաքին տվյալները չեն՝ ներկված լինելով ու երկու նոտա երգելով բեմ չպետք է դուրս գալ: Նախկինում մարդիկ  այլ կերպ էին աշխատում: Օրինակ՝ մենք Օրբելյանի նվագախմբով 7-8 ամիս գնում էինք բոլոր մարզերը, հասնում մինչեւ Սիբիր: Այ դա աշխատանք էր, որը անձնվիրություն  էր պահանջում: Ու պարտադիր էր ձայն ունենալը, դու պե՛տք է երգեիր: Իրենց խոսքն ունեին գեղխորհուրդները: Մյուս կողմից էլ, այդ տարիներին մենք շատ ազատություններից  զրկված էինք: Ինչ-որ տեղ ինձ դուր է գալիս այսօրվա էստրադան, այն կաղապարներից դուրս է, ուղղակի լավ կլիներ, որ տարրական նորմեր պահպանվեին՝ սկսած երաժշտության զգացողությունից: Թե չէ ով ասես՝ երգում է, ով փող ունի՝ տեսահոլովակ է նկարում, ով  սիրեկան ունի՝ ամեն ինչ ունի, ու նրանց կողքին շատ տաղանդավոր, բայց համեստ երեխաներ ստվերում են: Նախկինում տաղանդավոր մարդիկ կարող էին առաջ գնալ, նրանց առաջ ճանապարհը բաց էր»:

Էռնա Յուզբաշյանը հայտնեց, որ  ներկայումս համագործակցում է Կարեն Մարգարյանի հետ, որի հետ միասին իր CD-ն են թողարկել, մտադիր էին նաեւ հայ կոմպոզիտորների էստրադայի անթոլոգիա ստեղծել: Երգչուհու ասելով, գործի կեսն արված էր. «Ռոբերտ Բաբկենիչն ասաց, որ չի ցանկանում, որ իր երգերը ուրիշ կոմպոզիտորների երգերի կողքին զետեղված լինեն: Նա առաջարկեց միայն իր  նախագիծը, արդյունքում՝ ընդհանուր հայտարարի չեկանք եւ նախագիծը  սառեցվեց:  Ռոբերտ Ամիրխանյանին դուր չէր եկել մեր դուետը  Ֆորշի հետ, ավելի ճիշտ կատարումը՝ «Ինչպես աստղ» երգի: Այդպիսով մեր կապն ընդհատվեց: Սեպտեմբերի 28-ին կայանալիք համերգի առիթով կապվել եմ Ռոբերտ Բաբկենիչի հետ եւ ասել, որ իր երգերն եմ կատարելու, քանի որ դրանք իմ այցեքարտն են եւ ես եմ եղել առաջին կատարողը»:

1994-ից  ԱՄՆ-ում հաստատված երգչուհին զրույցի ավարտին մաղթեց, որ երեւանյան մշակութային կյանքը մեկ-երկու փառատոնով չավարտվի, ու տոն լինի մարդկանց հոգում, եւ որ ամենակարեւորն է՝  կենցաղը չխեղդի այդ տոնը:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30