Լրահոս
Օրվա լրահոսը

Կինն ամուսնուն լոմբարդ հանձնեց

Սեպտեմբեր 24,2013 13:48

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հոբելյանական 70-րդ խաղաշրջանը օրերս բացեց Նորայր Ադալյանի «Լոմբարդ» ներկայացման պրեմիերայով։ Թերեւս տրամաբանական կլիներ, հոբելյանական թատերաշրջանը սկսեր Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետով, որը ե՛ւ երաժշտական է, ե՛ւ կատակերգական։ Ի դեպ, անցած թատերաշրջանում թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը «Առավոտին» հավաստիացրել էր, որ «Կարինեն» բեմ կբարձրանա այս տարվա վերջում։ Հավանաբար, սա էր պատճառներից մեկը, որ պրեմիերայից առաջ պրն Ղազանչյանը թատերասերներին տեղեկացրեց հոբելյանական տարում սպասվելիք մի քանի նորությունների մասին, մասնավորապես՝ շեշտեց անվանի կատակերգու Կարպ Խաչվանքյանի 90-ամյա հոբելյանի եւ 2014 թ. գարնանը սպասվող այս մշակութային օջախի լիարժեք տեխնիկական վերազինման մասին։

 

Անդրադառնալով Ադալյանի «Լոմբարդին», բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը կարեւորեց հայ ժամանակակից դրամատուրգի երկի՝ մերօրյա կյանքի խնդիրներ վերհանող թատերական անդրադարձի բեմ բարձրանալու հանգամանքը։

Գլխավոր դերակատարներ Ավո Խալաթյանի եւ Սաթենիկ Շահնազարյանի հերոսները՝ աստղագետ Հայկազ Շողենցն ու նրա կինը՝ Բիատրիչե-Բիչին, իրենց սիրո պատմության հենքի վրա ներկայացրին մեր կյանքի կենցաղային մանրուքների պատճառով բազմաթիվ ընտանիքներում մշտապես ծագող հիմնախնդիրները ¥նոր տարվա առթիվ հայկական սեղանից անպակաս խոզի բուդը, թթուն, սոխն ու կարտոֆիլը)։ Հանուն նոր տարվա սեղանի՝ հերոսուհին սեփական ամուսնուն հանձնում է լոմբարդ։ Վերջինիս տերը՝  Միքայել Հավերժը ¥դերակատար՝ Բորիս Պեպանյան), չարաշահելով իր դիրքը, սիրահետում է անպաշտպան կնոջը՝ տիրանալով Բիչիին։ Մյուս կողմից էլ՝ կինը այլընտրանք չունի. չհամաձայնվելու դեպքում կվտանգեր ամուսնու կյանքը լոմբարդում…

Ամուսինն էլ՝ իր հերթին լոմբարդում հանդիպում է տարօրինակ մարդկանց՝ Սոֆիին ¥դերակատար՝ Ռուզան Գասպարյան), անգլիացի թագուհուն ¥Խաչիկ Պոզոյան), դիմակավոր կենդանիների…

Մասսայական տեսարաններում հանդես եկող երգչախմբի արտիստների պլաստիկ գործողություններն ու վոկալը, ինչպես նաեւ խաղը հանդիսատեսին լիովին պատկերացում տվեցին լոմբարդում «գերի ընկածների» անհուսալի վիճակի մասին։

Ռեժիսորական առումով ներկայացումը իրականի եւ պայմանականի հետաքրքիր զուգադրություն էր՝ միաձուլված թատերական ու երաժշտական լուծումներով ¥երաժշտական ձեւավորումը՝ Ավո Խալաթյանի, բեմական շարժումը՝ Լեւոն Իվանյանի)։ Մեկ գործողությամբ ներկայացման ընթացքում շնորհիվ բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի՝ ստեղծվել էր մի մթնոլորտ, որն անխոս օգնում էր դերասաններին իրականացնելու թեմայից բխող գործողությունների շարանը։

Կոմեդիայի թատրոնի հերթական այս ներկայացումը խաղացանկը լրացրեց մերօրյա սուր հարցադրումներով մի աշխատանք, ինչի վկայությունն էր երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսի «համ կուլամ, համ կխնդամ» հոգեվիճակը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30