Բուդապեշտում ավարտվեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականները նոր հաջողություններ արձանագրեցին՝ ընդհանուր առմամբ նվաճելով չորս ոսկե մեդալ:
Մեր ազատ ոճայինները 11 տարվա ընդմիջումից հետո առաջին ոսկե մեդալը նվաճեցին՝ ի դեմս 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանի: Հայ ըմբիշը փայլուն հաղթանակներ տանելով նախնական գոտեմարտերում՝ եզրափակչում չեմպիոնության համար հանդիպեց կուբացի՝ ֆիզիկապես շատ ուժեղ ըմբիշ Լիվան Լոպեզի հետ: Ընդ որում, ինչպես պարզվեց ավելի ուշ, մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցագորգ մտել էր լուրջ վնասվածքով: Սակայն դա նրան չխանգարեց դրսեւորել հաղթանակի հասնելու կամք եւ մարտի ընթացքում մեկ միավոր պարտվելով կուբացուն՝ վերջին վայրկյաններին հնարք կատարել եւ հաշիվը հավասարեցնել եւ դառնալ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: ՖԻԼԱ-ի կանոնների համաձայն, հավասար պայմանների եւ միավորների դեպքում վերջնական հաղթանակը շնորհվում է վերջինը հնարք կատարած ըմբիշին: Ճիշտ է, Դեւիդ Սաֆարյանի ոսկին Հայաստանի համար միակը եղավ ազատ ըմբշամարտում, սակայն դա էլ բավական էր, որպեսզի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորած ընտրանին թիմային հաշվարկով 87 երկրների մեջ տեղ զբաղեցնի 9-րդ հորիզոնականում:
Մեր հունահռոմեական ըմբիշները Բուդապեշտում չեմպիոնական ոսկի չնվաճեցին (աշխարհի չեմպիոն Հայաստանն ունեցել է 12 տարի առաջ), սակայն դրա փոխարեն նվաճեցին մեկ արծաթ եւ երկու բրոնզ:
96 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կրկնեց Դեւիդ Սաֆարյանի արդյունքը: Նա ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ, որին պարտվել էր Համաշխարհային ուսանողական խաղերում, պայքարն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Ու վերջին հնարքն էլ ինքն էր կատարել: Սակայն Արթուրը պայքարի բովում մոռացել էր, որ ինքն ունի երկու նկատողություն՝ մրցակցի մեկի դիմաց: Ու դրա համար էլ հաղթանակը շնորհվեց Մելնիկովին: Սակայն, մեր կարծիքով, մրցավարները մեր մարզիկին հանիրավի երկու անգամ նկատողություն տվեցին: Ավելի ուշ, երբ բաղձալի ոսկին արդեն ձեռքից բաց էր թողնվել, Արթուրը ցավով խոստովանել էր, որ մեղավորությունն իրենն է, ինքը դեռ ժամանակ եւ այնքան ուժ ուներ, որպեսզի մեկ հաղթական գործողություն էլ կատարեր: Սակայն գյումրեցի ըմբիշը խոստացել է նաեւ, որ ապագայում այլեւս այդպիսի վրիպումներ թույլ չի տա ու անպայման կնվաճի աշխարհի եւ օլիմպիական խաղերի ոսկին:
Կարդացեք նաև
55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Սակայն 30-ամյա ըմբիշի այս նվաճումն, անկասկած, ավելի մեծ արժեք ունի: Նա 2012 թվականի օլիմպիական խաղերից առաջ խայտառակ մրցավարության զոհ էր դարձել, որի պատճառով Լոնդոնի ուղեգրից զրկվել էր: Իսկ դրանից հետո մոտ երեք տարի չէր մասնակցել ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված եւ ոչ մի պաշտոնական մրցաշարի: Այսքանից հետո Ռոմանն իր մեջ ուժ գտավ հոգեբանորեն վերականգնվելու, ուժերը հավաքելու եւ մարզվելու: Իսկ բրոնզե մեդալը ըմբիշին ոգեւորել է: Նա մտադիր է հանդես գալ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
Ռուսաստանցի Ռոման Վլասովի հոգեբանական արգելքը առայժմ ոչ մի կերպ հաղթահարել չի կարողանում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա ռուս մրցակցին պարտվել էր Լոնդոնի օլիմպիական խաղերի եզրափակչում, Համաշխարհային ուսանողական խաղերում եւ Բուդապեշտում ռեւանշի հասնելու հնարավորություն ուներ: Սակայն վիճակահանությամբ նրանք հանդիպեցին արդեն աշխարհի առաջնության երկրորդ փուլում: Այստեղ, թերեւս, դեր խաղաց հոգեբանական լարվածությունը: Եթե Ջուլֆալակյան-Վլասով դիմակայությունը լիներ ավելի ուշ շրջանում, երբ Արսենը մի քանի գոտեմարտ անցկացրած ու մկանները տաքացրած կլիներ, դժվար է ասել, թե ով կհաղթեր: Բայց ինչ եղել է՝ եղել է եւ այդ պահին Վլասովն ավելի ուժեղ էր եւ ավելի լավ էր պատրաստված հերթական դիմակայությանը: Այդուհանդերձ, Արսենը արդեն սփոփիչ գոտեմարտերում բացահայտ առավելությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին ու նվաճեց բրոնզե մեդալ:
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում եզրափակեց լավագույն հնգյակը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Կորեային, Իրանին եւ Հունգարիային:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
նվաճելով չորս ոսկե մեդալ:??կարծում եմ ՝ չորս մեդալ այլ ոչ թե չորս ոսկե մեդալ