Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր տաճարի գմբեթները դեռ «շրջափակված» կմնան

Սեպտեմբեր 24,2013 13:30

Հարավային գմբեթը փլուզման վտանգի տակ է 

Էջմիածին-Վաղարշապատ քաղաքում գտնվող Մայր տաճարի մուտքի մոտ եւ գլխավոր գմբեթի շուրջ տեղադրված է շինարարության համար անհրաժեշտ մետաղական «կմախք»: Մետաղական կառույցը կա, տաճարի այցելուներին չի խանգարում, սակայն աչքի համար առանձնապես հաճո տեսարան չէ: Առավել եւս, որ մետաղական կառույցը նպատակին չի ծառայում՝ շինարարական, նորոգման աշխատանքներ չեն արվում: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ շինարարական ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում:
Հոգեւորականն ասաց, որ նշված մետաղական «կմախքով» Մայր տաճարը պարուրված է 2012 թ. տարեվերջից՝ որպեսզի վերջնականապես մաքրվի եւ մշակվի Մայր տաճարի գմբեթը վրան պարբերաբար հայտնվող տարբեր բույսերից. «Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հանձնարարական էր տրվել այդ ուղղությամբ՝ կատարել անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Սակայն երբ հիշյալ մետաղական կառույցը հավաքվեց եւ սկսվեցին հետազոտական աշխատանքները, պարզ դարձավ, որ Մայր տաճարն իրականում կարիք ունի հիմնանորոգության, սեյսմիկ առումով վտանգված է, իսկ հարավային գմբեթը փլուզման վտանգի տակ է: Ուստի աշխատանքները ձեռնարկվեցին այդ ուղղությամբ. տաճարն ուսումնասիրեցին հայ եւ իտալացի մասնագետներ: Ըստ այդմ՝ կատարվելու են Մայր տաճարի հիմնանորոգության եւ մասնակի ամրակայման աշխատանքներ, որոնք ենթադրում են տաճարի լանջերի եւ վեղարի ծածկասալերի վերաշարում՝ վերացնելով առկա խնդիրները, գմբեթի թմբուկի եւ պատերի ամրացում, հիմքերի ջրամեկուսացում, տաճարի ներքին նորոգություն եւ վերջում՝ որմնանկարների ռեստավրացիա»:
Հայր Վահրամի խոսքով, «Ներկայիս կատարված հետազոտությունների հիման վրա կատարվում են նախագծային աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ 2014թ. ապրիլ ամիս, իսկ այդ ընթացքում մինչեւ ձեռք կբերվեն պատկան կառույցների հաստատումներն ու համաձայնությունները՝ կկատարվեն շինարարության նախապատրաստական աշխատանքները: Այժմ քննարկվում են նախագծերը: Մայր աթոռի կողմից արդեն իսկ պայմանագրեր են կնքվել նախագծերի պատրաստության եւ շինարարության նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ, առաջիկային կկնքվի նաեւ շինաշխատանքների իրականացման պայմանագիրը»:
Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ շինարարությունը սկսվի 2014-ի կեսերից ու դեռ շարունակվի 2015-ին: Սա նկատի ունենալով՝ հայր Վահրամին հարցրեցինք՝ ինչո՞ւ նշված մետաղական «կմախքը» չի տեղադրվել շինարարության մեկնարկից մեկ-երկու օր առաջ եւ հիմա աչքի համար ոչ այնքան հաճո տեսարան է ստեղծում: «Այդ կառույցն արդեն իսկ երկար ժամանակ էր հավաքվում եւ հավաքվեց, ինչպես նախորդիվ նշեցի, գմբեթի մաքրման, ապա նաեւ հետազոտման աշխատանքների իրականացման համար: Ուստի եւ այդ կառույցն անհրաժեշտաբար է հավաքվել եւ պետք է ծառայի նաեւ տաճարի նորոգման աշխատանքների իրականացման փուլում»,- պատասխանեց հոգեւորականը:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30