Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Բաղդասարովը զայրացած է

Սեպտեմբեր 24,2013 13:55

«Արմավիայի» սեփականատերը հրամայել է չվճարել այն անձանց աշխատավարձերը, ովքեր դատարան են դիմել հավելավճարներ ստանալու պահանջով:

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին դուր չի գալիս, որ նախկին աշխատակիցներն իր առջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերության նախկին բորտուղեկցորդները պահանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները:

«Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ պատմեցին, որ Բաղդասարովն այն աստիճան է զայրացել իր նախկին աշխատողների վրա, որ հրամայել է մոտ 20 բորտուղեկցորդների աշխատավարձերը չվճարել, ինչ է թե՝ նրանք դիմել են դատարան՝ «Արմավիայից» իրենց օրապահիկները ստանալու համար:

«Բաղդասարովը էնպես է կատաղել, որ տնօրինությանն ասել է՝ դրանցից ոչ մեկի աշխատավարձերը չտաք: Երբ այս լուրը մեզ հասավ, հավատներս չէր գալիս, գնացինք գրասենյակ՝ ճշտելու, տնօրեններից մեկն ասաց՝ վերեւից հրաման կա, մենք մեղք չունենք: Հիմա մնացածներին մարտ-ապրիլի աշխատավարձերը վճարել են, մենք գնացինք՝ ստանալու, չտվեցին»,-«Առավոտին» վստահեցրին «Արմավիայի» մի խումբ նախկին աշխատակիցներ: Նրանց պատմելով՝ դատարան դիմելու մտադրություն սկզբում չեն ունեցել, բայց նրանց դատական կարգով հավելավճարները ստանալու հորդորը եղել է աշխատանքի պետական տեսչությունից եւ ՀՀ նախագահի աշխատակազմից, եւ կարծել են, որ 2 պետական համակարգից եթե նման հորդոր են անում, դա գուցե միակ ելքն է իրենց վաստակածը ստանալու  համար:

«Տեսչությունից ասացին՝ մեզ դժվար կլինի հավելավճարները ապացուցել, ավելի լավ է՝ դիմեք դատարան: Նախագահականից էլ ասացին՝ նման հարցերը դատական կարգով պիտի լուծեք, մենք էլ դիմեցինք, բայց «Արմավիան» թքած ունի մեզ վրա, դատական նիստին «Արմավիայի» ներկայացուցիչը չէր եկել: Բայց աշխատանքի պետական տեսչությունն էլ մեր դիմումին չէր արձագանքում, երեք անգամ ՀՀ նախագահին նամակ ենք գրել, որ հանձնարարական կա տեսչությանը, որպեսզի մեր դիմումին ընթացք տա, նախագահին 3-րդ նամակից հետո նոր տեսչությունը սկսել էր զբաղվել մեր գործով»,- ասացին ավիաընկերության նախկին աշխատակիցները: Ի դեպ, մեզ հետ զրույցում նախկին բորտուղեկցորդները չցանկացան ներկայանալ՝ պատճառաբանելով, որ Միխայիլ Բաղդասարովն է՛լ ավելի կզայրանա. «Նա մուռ հանելու սովորություն ունի: Մեր տղաներից մեկին, որպես պատիժ, հրամայել էր աշխատավարձը կամ չվճարել, կամ էլ ամենավերջում վճարել: Այդ տղան երբ հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ, Բաղդասարովն ասել էր՝ դու շատ ես ելույթ ունենում լրատվամիջոցներով»:

Դատարան դիմած նախկին աշխատակիցների պահանջվող օրապահիկները կազմում է յուրաքանչյուրինը մոտ 500 հազար դրամ, ինչը պարոն Բաղդասարովը ուզում է «ջրել»: Բորտուղեկցորդների խոսքերով՝ «Այդ 500 հազարներն էլ արդեն արժեք չեն, որովհետեւ 1-2 տարի առաջ այդ գումարը գոնե արժեք ուներ, իսկ հիմա յոլա գնալու գումար է, բայց մեզ համար խիստ անհրաժեշտ, որովհետեւ աշխատանք չունենք, պարտքով ենք ապրում»:

Մինչ դատարանը կորոշի «Արմավիայի» նախկին բորտուղեկցորդների վճարվելիք օրապահիկների հարցը, այս աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ու վճարման հարցը մնացել է օդում կախված: Բանն այն է, որ աշխատանքի պետական տեսչությունը, որը պիտի զբաղվի աշխատավարձերի ծավալների ճշգրտմամբ, կառավարության որոշմամբ լուծարվել է եւ միացվում է հիգիենիկ հակահամաճարակային տեսչությանը: Եվ քանի որ հիմա այս երկու տեսչությունների միավորման գործընթացը չի ավարտվել, մեզ չհաջողվեց տեսչության հետ կապ հաստատել՝ պարզելու, թե ինչ փուլում է բորտուղեկցորդների աշխատավարձերի վճարման խնդիրը: Իսկ, ինչպես վստահեցրին «Արմավիայի» նախկին աշխատակիցները, տեսչությանը դիմել էին, որպեսզի վերջինս կարգավորի նրանց աշխատանքի վերջին ամիսների աշխատավարձերի գումարի չափը: Ըստ բորտուղեկցորդների՝ «Արմավիան» թռիչքները դադարեցրել էր, ու մեզ աշխատանքից չէր ազատում, մենք մեկուկես ամիս պարապուրդի մեջ էինք, մեզ ազատման հրաման չէր տալիս, իսկ տեսչության իրավաբանի հետ զրույցում պարզեցինք, որ ըստ օրենքի՝ այդ պարապուրդի ամիսների աշխատավարձը պիտի հաշվարկեր միջին աշխատավարձի չափով, մինչդեռ «Արմավիան» հաշվարկել է ակլադով, որը 40 հազար դրամ է, իսկ մեր միջին աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է, իսկ մեկուկես ամսվանը՝ մոտ 600 հազար: Հիմա տեսչություն չկա, մեր գործով զբաղվող չկա: Այնպիսի տպավորություն է, որ այդ տեսչությունը մեր դարդից են փակել: Այս երկրից ամեն ինչ սպասելի է, կառավարությունը գերադասում է օլիգարխին պաշտպանել, քան սովորական աշխատողներին»:

«Արմավիայի» նախկին աշխատակիցները որոշել են բողոքի ակցիա կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ, որպեսզի, իրենց խոսքերով ասած՝ միջազգային հանրությանը տեղեկացնեն, թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում աշխատավորների իրավունքները. «Բա ուրիշ ի՞նչ անենք, կառավարությանը դիմում ենք, ասում է՝ մենք լծակ չունենք ազդելու, բա եթե լծակ չունես, դիմում գրի դուրս արի քո պաշտոնից»:

«Արմավիայի» նախկին աշխատակիցները թեեւ մեծ հույսեր չունեն, որ Հայաստանում կգտնվի մի օղակ, որը գործարար Միխայիլ Բաղդասարովի դեմ որոշում կկայացնի, այնուամենայնիվ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմելու են բոլոր հնարավոր ատյաններին. «Մարդու իրավունքների պաշտպանին ենք պատրաստվում նամակ գրել, եթե այդ ատյանն էլ «ջրի» մեր գործը, ուրեմն բոլորս ցույցեր կանենք ամեն օր»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30