Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կոմպոտ գողացողը Սուրիկ Խաչատրյանի տղան լիներ, կդիտարկվեր դա ստամոքսի ինքնապաշտպանությո՞ւն

Սեպտեմբեր 24,2013 13:13

Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին խնդրեցին մեկնաբանել՝ ինչո՞ւ է ՀՀ արդարադատության համակարգում այդքան անհամաչափ պատիժ կիրառվում: Հասարակությունը չի ընկալում, ինչպե՞ս է, որ խոտի դեզը վառելու համար 4 տարի են դատապարտում, Տիգրան Առաքելյանին՝ 6 տարի, Վարդան Սեդրակյանին՝ 14 տարի, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են, խափանման միջոցն էլ փոխում, երբ նրանց պատճառով մարդ էր մահացել: Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Խոտի դեզի դեպքում դիտավորությամբ վնաս պատճառելու հոդվածն է կիրառվել, որովհետեւ ապացուցվել է, որ դիտավորյալ դեզը վառել են: Այնպես չի, որ պատահական ծխախոտի մնացորդ են գցել՝ կպել է: Իսկ մարզպետի դեպքինը որակվել է որպես ինքնապաշտպանություն: Հիմնավորել են, որ գնացել են իրենց տան վրա, իրենք պարտավոր են եղել պաշտպանվել»:

Մեր հարցին՝ Տիգրան Առաքելյանի կողքի խցում կոմպոտ գողացողին 3-4 տարով ազատազրկել են, եթե Սուրիկ Խաչատրյանի բարեկամը լիներ, դա չէ՞ր դիտարկվի, որպես ստամոքսի ինքնապաշտպանություն՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Այդ դեպքում ցանկացած մարդ կարող է հարեւանից, բարեկամից բան գողանալ ու ասել՝ ստամոքսս պաշտպանելու համար գողություն եմ արել: Այդպես չէր լինի, էլի: Գիտեք ինչ կա, շատ լավ ասում եք՝ կոմպոտ գողացողին, բայց ձեր վրա վերցրեք, մեկը պատահական մտնում է ձեր տուն, գողություն է անում: Ուղղակի ձեր վրա վերցրեք, թեկուզ կոմպոտ է գողանում՝ ձեր տանից»:

Մեր հարցին՝ այդ դեպքում Ձեր վրա վերցրեք, եթե Դուք լինեիք Ավետիք Բուդաղյանի հարազատը, ինչպե՞ս կընդունեիք Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակվելը՝ նա պատասխանեց. «Փաստը, հատկապես այն կադրերը, որ մենք տեսնում ենք, պարզ երեւում է՝ մարդիկ գնացել են մարդու տան վրա: Կապ չունի մինչեւ էդ ինչ է եղել: Եթե երկու եղբայր միասին գնում են մարդու տան վրա, ցանկացած բանի պետք է պատրաստ լինեն: Կարող էր մի քանի հոգի զոհվեր, կարող էին վիրավորվել: Եթե գնում են երկու հոգով զինված, ուրիշ տան վրա, շարունակությունն ամեն ինչ կարող էր լինել»: Մեր դիտարկմանը, որ Արտակ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել՝ ՀՀԿ պատգամավորը չհամաձայնեց. «Այնպես չի կարող լինել, որ զենքը կողքդ դնես գնաս ու մեջը փամփուշտ չլինի»:

Պարոն Ավետիսյանը այնուամենայնիվ, համաձայնեց, որ երբեմն անհավասարաչափ պատիժ է կիրառվում, նման դեպքեր լինում են, բայց որեւիցե հանցագործություն չի կարելի ողջունել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30