«Ցանկացած ծրագիր, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կառաջարկի, եթե բխի մեր պետության շահերից՝ ՀՀԿ-ն մասնակցություն կունենա»,- ՀՅԴ-ի՝ արտագաղթի կասեցման ծրագրի մասին այսօր «Ազդակ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Aravot.am-ի հարցին՝ այդ ծրագրում նախատեսվում է նաեւ դաշտը մաքրել հակաքրիստոնեական, կոռուպցիոն դեպքերից, պաշտոնանկություններ անել, ՀՀԿ-ն պատրա՞ստ է գնալ այդ քայլին՝ նա պատասխանեց. «Եթե ծրագիրը սկսվի եւ պաշտոնանկություններից՝ ես դա արդեն ծրագիր չեմ համարում: Երբ ծրագիրն ընդունվում է քաղաքական ուժերի կողմից, սկսեց աշխատել եւ եթե այդ ընթացքում որեւիցե չինովնիկ սկսեց խանգարել, ես բնական ու ճիշտ կհամարեմ, որ այդ չինովնիկին հեռացնենք, նոր այդ հարցին կարելի է անդրադառնալ: Որպես ծրագրի մաս՝ դա չեմ ընդունում: Ծրագիրը սկսել նրանից, որ էս չինովնիկին հանեք, որ մենք հարցեր քննարկենք՝ դա անիմաստ է»:
Մենք խնդրեցինք նաեւ մեկնաբանել Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշումը: Նշենք, որ սոցցանցերում քննարկվում է, որ Վարդան Սեդրակյանի դեմ որեւէ ապացույց չկա, հենվել են միայն երկու հոգու նախաքննական ցուցմունքի վրա, որը հետո փոխվել է: Ըստ Սուքիաս Ավետիսյանի, «Այսքան ամիսներ քննչական, դատական պրոցեսները, ես չեմ կարծում, որ առանց հիմնավորման դատարանը վճիռ կարողանար կայացնել: Այդ գնահատականը տվել է դատարանը, որոշումը կայացվել է, եթե որոշման հետ համաձայն չեն, կարող են դիմել մնացած դատական ատյաններ: Ես կարծում եմ, այնպես չի, որ դատարանն առանց հիմնավորման այդքան ազատազրկման դատապարտեր: Համապատասխան նյութեր հավաքվել էր»:
Այսօր Պարույր Հայրիկյանը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ իր կրակոցով սկսվեց Մաքսային միության անդամակցության գործընթացը: Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությամբ. «Պարույր Հայրիկյանը ինչպես միշտ ինչ-որ գործընթացների մեջ փորձում է իր դերակատարությունը բարձրացնել: Այս անգամ էլ փորձում է Մաքսային միության մեջ իր դերակատարությունը բարձրացնել, որ հենց իր կրակոցի պատճառով է, որ ամեն ինչ ի հայտ եկավ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ